Թուրքիայում բարձրաստիճան պտոնյաների, այդ թվում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները համացանցում հայտնվելուց հետո Twitter, Youtube, Facebook սոցիալական ցանցերը փակելու մասին կառավարության որոշման առնչությամբ այդ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է. «Հնարավոր է' ինձ էլ են լսել, բայց ես որևէ մտահոգություն և երկյուղ չունեմ»: Այս մասին հայտնում է թուրքական «T 24» անկախ ինտերնետային թերթը:

 

Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունը մեկնաբանվել է որպես Էրդողան-Գյուլ հակասության ևս մեկ դրսևորում:

 

Թուրքական կառավարության կողմից թուրք օգտատերերի համար Twitter սոցիալական ցանցի արգելափակումն ավելի է խորացրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահ Աբդուլլահ Գյուլի միջև առկա գաղափարական հակասությունները: Նախագահ Գյուլը Էրդողանի կառավարության այդ որոշման առնչությամբ հայտարարել էր, որ «սոցիալական մեդիա հարթակների ամբողջությամբ փակումը հավանության արժանի չէ»:

 

Թուրքիայում Էրդողանի գլխավորած կառավարության դեմ բարձրացած զանգվածային բողոքների առնչությամբ, ինչը վերջինս բնութագրել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հովանավորվող դրսի ուժ՝ «Գյուլենական շարժման» գործ, Գյուլն ավելի վաղ հայտարարել էր, որ «Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններում «դրսի հետք չկա»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը անհամաձայնություն էր հայտնել նաև երկիրն ակնհայտորեն իսլամացում տանող Էրդողանի վարած ներքին քաղաքականության նկատմամբ:

 

Երկու ամիս առաջ թուրքական իրավապահ մարմինների կողմից անցկացված գործողությունների արդյունքում բացահայտվել էր Էրդողանի, նրա որդիների, կառավարության անդամների' խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքները: Այդ փաստերն արտացոլող հեռախոսային զրույցների ձայնագրությունները համացանցում հայտնվելուց հետո իշխող կուսակցության և, հատկապես' Էրդողանի հեղինակությունն ու վարկանիշը Թուրքիայում խիստ ընկել է: