Հայաստանում սոցիալական ընդվզմանը նպաստում է ոչ թե կառավարությունը, այլ ընդդիմությունը: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցույան պատգամավոր Արամ Մանուկյանի դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունն իր կայացրած որոշումներով երկրում սոցիալական ընդվզում է առաջացնում: «Եթե իշխանությունը վատ է աշխատում, ինչպես դուք եք ասում, ապա մարդիկ պետք է տեսնեն նաև շատ պայծառ այլընտրանք՝ նոր փիլիսոփայությամբ, նոր ասելիքներով: Բայց մարդիկ այդ այլընտրանքը չեն տեսնում»,- նշեց Սարգսյանը:

 

Նրա խոսքով՝ չտեսնելով այդ այլընտրանքը՝ մարդիկ հուսահատվում են, հիասթափվում, ուստի, չի կարելի ասել, թե իշխանություններն են նպաստում սոցիալական ընդվզմանը:

 

Նախարարի կարծիքով՝ ընդդիմությունն էլ է հասկանում, որ հասարակությունն իրենց չի վստահում, ուստի, ընդդիմությունը հանրահավաքներ է անցկացնում քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների քողի տակ: