Թուրքիայում մարտի 30-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզչական արշավի շրջանակում վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Ենիքափը թաղամասում անցած կիրակի հանրահավաք է հրավիրել, որին, ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, մոտ 2 մլն մարդ է մասնակցել: Էրդողանն իր անցկացրած հանրահավաքին այդքան մարդու մասնակցությունը մրցակիցների համար ջախջախիչ» է բնութագրել:

 

Ինչպես հաղորդում է թուրքական Oda TV հեռուստաալիքը մի տեսանյութ է հրապարակել, որն ամբողջությամբ բացահայտում է, որ Էրդողանի եւ նրա գլխավորած ԱԶԿ-ի հանրահավաքներին քաղաքացիները մասնակցում են վճարի դիմաց: Այդ մասին սոցիալական կայքերում բերված տեսանյութում ավտոմեքենայի միջից ԱԶԿ-ի հանրահավաքին շտապող մի քաղաքացու հարց են ուղղում, թե երբ է սկսվում հանրահավաքը: Վերջինս պատասխանում է, որ ժամը 3-ին: Ավտոմեքենայի միջի մարդը հարցնում է, իսկ ինչքա՞ն են տալիս: Ձեռքին ԱԶԿ-ի դրոշ բռնած քաղաքացին պատասխանում է. «Անցյալ տարի 100 լիրա տվեցին, բայց չգիտեմ այս անգամ ինչքան կտան»: