Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հնարավոր է համարում կրթություն ստանալու նպատակով զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքի ամբողջական վերացումը: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Արմեն Աշոտյանը, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցին, նշեց, որ նման նախաձեռնությունը ողջունելի կլինի: Դրա համար, սակայն, հարկավոր է լինելու առաջին հերթին քաղաքական միասնականություն, և միայն այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք նման օրենք ընդունել»,-նշեց Աշոտյանը:

 

Նախարարը նշեց, որ շատ են դեպքերը, երբ պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի քննարկման ժամանակ որոշ քաղաքական ուժեր տարվում են ամբոխավարության գայթակղությամբ և ամեն ինչ անում են այդ հարցերի ընդունմանը խոչընդոտելու համար: Նա ընդգծեց, որ երբ կլինի քաղաքական կոնսենսուս, իսկ կառավարությունն էլ իր հերթին զնիծառայությունն ավարտած ուսանողների համար նոր արտոնություններ սահմանող նախագծեր կներկայացնի, հնարավոր կլինի քննարկել նաև տարկետումը վերացնելու հարցը:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ ինքն օրենքի նախագիծ է դնելու շրջանառության մեջ, որով առաջարկվելու է ընդհանրապես վերացնել տարկետումը, քանի որ շատ են դեպքերը, երբ մարդիկ, ովքեր կապ չունեն սովորելու և, ընդհանրապես, գիտության հետ, ընտրում են գիտության ճանապարհը միայն նրա համար, որպեսզի ազատվեն զինվորական ծառայությունից, ինչի արդյունքում տուժում են և այդ մարդիկ, և գիտությունը: