Կառավարության այսօրվա նիստում' մինչ օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կիրառվող տուգանքների հարցով:

 

«Խնդիրն այսօր գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և շատ հաճախ հանդիսանում է դժգոհությունների համար լուրջ դրդապատճառ: Խոսքը Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կիրառվող տուգանքների մասին է:

 

Որքանո՞վ են այդ տուգանքները արդարացի, համաչա՞փ են արդյոք մեր օրենսդրությամբ նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունե՞նք մենք բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան, և մենք միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք մեզ համար մի այնպիսի մեխանիզմներ ընտրել, որպեսզի մեր քաղաքացիները նույնպես ընդունեն, որ օրենսդրությունը և տուգանքների չափերը, որ կիրառվում են ՀՀ-ում, արդար են: Այս հարցերի պատասխանները հանրությանը ներկայացնելու համար ես հանձնարարում եմ պարոն Գաբրիելյանին պատրաստել վարչապետի որոշման տեքստ, և մենք ստեղծենք աշխատանքային խումբ' Արդարադատության նախարարության գլխավորությամբ, ներառելով այդ խմբի մեջ բոլոր շահագրգիռ մարմիններին, այդ թվում նաև' ՀԿ-ներին», - ասաց վարչապետը:

 

Վերջինս հարցրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, թե որքան ժամանակ է հարկավոր խմբի աշխատանքների համար: «Հարցերի պատասխանները ստանալու համար մեկ երկու ամիսը բավարար կլինի, որպեսզի մենք ընդհանուր առմամբ պատկերացում ունենանք, թե ինչ ուղղությամբ ենք գնալու, եթե օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն եղավ, ևս մեկ ամիս անհրաժեշտ կլինի»,- ասաց Թովմասյանը: