Հայաստանի կառավարությունը նպատակային քաղաքականության իրականացմամբ ակնկալում է մինչև 2025 թվականը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծել 10-15 հազար նոր աշխատատեղ: 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով' ակնկալվում է, որ ոլորտի աճին զուգահեռ, կմեծանա նաև արտահանումը. 2017 թ. սպասվում է ոլորտում թողարկված արտադրանքի շուրջ 60 տոկոսի արտահանում:

 

Ռազմավարական ծրագրով նախատեսվում է, որ ՏՏ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում 2025 թ. կկազմի 6-7 տոկոս:

 

Ծրագրով կշարունակվի տեխնոպարկերի, ինկուբատորների և ՏՏ ոլորտի ենթակառուցվածքներ հանդիսացող այլ կառույցների ստեղծման գործընթացը, օժանդակություն կցուցաբերվի ԲՈւՀ-երին' ժամանակակից կրթական ծրագրերի ներդրման և անհրաժեշտ լաբորատորիաների ձեռք բերման հարցում, իսկ ոլորտի արտահանման ներուժը մեծացնելու նպատակով կիրականացվի հարկային բարենպաստ քաղաքականություն:

 

Սա ծրագրի պուպուշ, պոպուլիստական հատվածն է: Թվում է, թե այստեղ քննարկելու ոչինչ չկա, կառավարությունը հուժկու հարվածով միջամտում է ՏՏ ոլորտի զարգացմանը և անում է անհնարինը, որ ոլորտի մասնագետներն ունենան բարձր վարձատրվող աշխատանք:

 

Բանն այն է, որ խիստ ռազմավարական ծրագրում նշված 10-15 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը անհնարինի ոլորտից է: Հայտնի է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները բարձր պահանջարկ են վայելում և հիմնականում ապահովված են աշխատանքով՝ կամ ՀՀ-ում, կամ արտերկրում: Սա նշանակում է, որ ստեղծվելիք աշխատատեղերը պետք է համալրվեն բացառապես նոր կադրերով: Ինչպես է կառավարությունը լուծելու այդ խնդիրը առաջիկա 10 տարում՝ ուղղակի անհասկանալի է: Սա այն դեպքում, որ դեռ անցյալ տարի վարչապետը հայտարարել էր, որ ՏՏ ոլորտի մասնագետ դառնալու ձգտումը հայ երիտասարդության մեջ դեռևս գերակա ուղղություն չէ: «Գաղտնիք չէ, որ հայ երիտասարդությունը նախընտրում է այն մասնագիտությունները, որոնք ներկա համաշխարհային պայմաններում մեծ պահանջարկ չունեն։ Դրանք են տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունները։ Մենք պետք է փոխենք մեր մոտեցումը բուհերում պետպատվերով տեղերի պլանավորման հարցում։ Իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետներում պետպատվերի տեղերն էապես նվազեցնելու ենք' դրանք տեղափոխելով ՏՏ ոլորտի մասնագիտությունների ֆակուլտետներ»,- ասել է Սարգսյանը։

 

Սա խոսում է մի բանի մասին, որ այս պահին հնարավոր չէ ծածկել աշխատաշուկայում առկա պահանջարկը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՏՏ ոլորտում մասնագետների պահանջարկի թիվը Հայաստանում տարեկան 2000 է: Հայաստանյան պետական բուհեր ընդունվում են տարեկան մոտ տասը հազար ուսանողներ, գումարած 3-4 հազար՝ արվեստի բնագավառի մասնագիտություններ նախընտրող ուսանողներ, որոնք, բնականաբար, ՏՏ ոլորտում չեն աշխատելու: Եթե նետվենք ֆանտազիայի գիրկը և համարենք, որ գերմարդկային ջանքերի գնով կառավարությունը ՏՏ ոլորտում մասնագիտանալու դաշտ կարող է բերել ՀՀ բոլոր ուսանողների տաս տոկոսին (որն, իհարկե, անհնար է), կունենանք տարեկան 1000 մասնագետի թեկնածու: Եթե ամենալավատեսական հաշվարկներով համարենք, որ աշխատաշուկային պիտանի մասնագետ կարող են դառնալ ոլորտում մասնագիտացող ուսանողների կեսը (կրկնում եմ՝ սա խիստ լավատեսական հաշվարկ է), ապա հայաստանյան բուհերը լավագույն դեպքում, անգամ կառավարությանը հարիր ֆանտաստիկ թվեր արտանետելու դեպքում, կարող են տարեկան աշխատաշուկային տալ 500-600 մասնագետ: Սա այն դեպքում, եթե կառավարությունը գործուն միջամտություն ցուցաբերի կրթության ոլորտում՝ հօգուտ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների: Եթե հաշվի առնենք կրթության ցիկլը՝ կառավարության նոր քաղաքականությունը իր արդյունքը պետք է սկսի տալ հինգ տարի անց, սա նշանակում է, որ մինչև 2025 թվականը ոլորտը հնարավոր է համալրել, լավագույն դեպքում, 2500-3500 որակյալ մասնագետներով: Իսկ եթե հաշվի առնենք, որ արտագաղթող մասնագետների մի զգալի մասը հենց ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն են՝ կառավարության ռազմավարական ծրագիրը դառնում է «Հայկական աշխարհ» միֆոլոգիայի մի մասը:

 

Կառավարությունը, փաստորեն, զբաղված է դատարկ պոպուլիզմով, դիմում է բացահայտ խաբեության՝ իբր գործուն քայլերի է դիմում՝ մեծաթիվ աշխատատեղեր ստեղծելու համար:

 

Գեղեցիկ ծրագրերը, հատկապես եթե հնչում են ապառնի ժամանակով և հետագայում հավակնում են փոշոտվել կառավարության արխիվային գզրոցներում, պարզապես նպատակ են հետապնդում ցույց տալ, որ նիստերի դահլիճում նստած լուրջ դեմքերով «ձյաձաները» գործ են անում, փորձում են պետության համար ռազմավարական հարցեր լուծել: Սակայն կառավարության գործունեությունը սահմանափակվում է գեղեցիկ, միֆական ծրագրեր արտադրելով: Այդ ծրագրերը միգուցե լրատվական դաշտում փայլատակելու կարճատև էֆեկտ են տալիս, սակայն իրենց անիրատեսականությամբ կոտրում են հավատը կառավարության ցանկացած ծրագրի նկատմամբ:

 

Իսկ եթե վարչապետը իսկապես ազնիվ է ոլորտի զարգացման իր մտորումներում՝ պետք է նշել, որ նրա գործողությունները նմանվում են լեռների ուղղությամբ սուզանավ վարելուն:

 

Թերևս առավել ազնիվ կլիներ, որ Տիգրան Սարգսյանը իր եդեմական ծրագրերը ամփոփեր ոչ թե «Հայկական աշխարհ» մեծադղորդ անվանումով, այլ առավել իրատեսական տեսլականով՝ «Սուզանավը լեռներում»...



Վարուժան Բաբաջանյան