Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթում անդրադարձավ մի խումբ պատգամավորների հնչեցրած գնահատականներին, որոնք բացարձակապես կապ չունեին օրենքի նախագծի հետ:

 

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչին, որով վերջինս Արմեն Աշոտյանին կոչ էր անում լրջանալ, քանի որ նա ուրախների և հնարամիտների ակումբում չի գտնվում, այլ Ազգային ժողովում, Աշոտյանն ասաց. «Ուրախների և հնարամիտների ակումբը վատ բան չէ: Ես կարծում եմ, որ ավելի լավ է լինել այդ ակումբի ներկայացուցիչ, քան մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի անդամներն ամեն շաբաթ տարբեր առիթներով հայտնվում են ոստիկանությունում և դառնում են 02 հաղորդման մասնակից:

 

Նախարարը պատասխանեց նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, ով իրեն մեղադրել էր քաղաքական նապոլեոնիզմի մեջ: «Ես շատ շնորհակալ եմ, որ ինձ այս ամբիոնից համեմատում են Նապելոնի հետ: Սակայն ցանկանում եմ հիշեցնել, որ քաղաքական նապոլենիզմից բացի կա նաև քաղաքական կլեոպատրիտիզմ, որի ժամանակ կինը, տղամարդուն մանիպուլյացնելով, փորձում է կառավարել աշխարհը»,- ասաց Աշոտյանը:

 

Նախարարը ցավ հայտնեց, որ շատ կարևոր օրենքի նախագծի քննարկումը վերածվեց թատերական ներկայացման՝ ընդգծելով, որ որոշ պատգամավորների վրա ազդել է այն հանգամանքը, որ այսօր թատրոնի միջազգային օրն է: Այնուամենայնիվ, նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր այն պատգամավորներին, ովքեր օրենքի նախագծի վերաբերյալ բովանդակային ելույթներ են ունեցել:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին պատգամավորներին կոչ արեց չշեղվել օրենքի նախագծերի քննարկումներից: Նա նշեց, որ ժողովուրդն իրենց ընտրել է օրենքի նախագծեր քննարկելու, ոչ թե այդ քննարկումներից շեղվելու և այլ գնահատականներ հնչեցնելու համար: «Ես նախագծերից շեղվող պատգամավորներին կոչ եմ անում դադարեցնել նման գործելաոճը»,- նշեց Աբրահամյանը:

 

Ազգային ժողովը ավարտեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը, որով նախատեսվում է կառավարությանը ուսման վարձերի վերին շեմ սահմանելու լիազորություն տրամադրել: Նախագծով առաջարկվում է նաև արտոնություններ տրամադրել սոցիալական մի շարք խմբերի ուսանողների համար, ինչպես նաև բուհերին պարտադրել սեփական միջոցների հաշվին ավելացնել պետության կողմից տրված անվճար տեղերի քանակը: