Հայաստանի պատգամավորները մի նախաձեռնություն ունեն, որով ցանկանում են ապակենտրոնացնել մայրաքաղաքի տարածքում առևտրային տարածքների տեղակայումը: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչները սահմանելու մասին նախագծին, որով նախատեսվում է կարգավորել այդ օբյեկտների տեղակայման չափորոշիչները և դրանց հետ կապված իրավահարաբերությունները: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար, օրենքի նախագծի համահեղինակ Մհեր Շահգելդյանը: «Նախագիծն արդեն ընդգրկվել է մեծ օրակարգում և եթե առաջկայում կառավարությունը հանդես չկա առաջարկներով, մենք մեկ ամսվա ընթացքում այն կմտցենք քառօրյա նիստերի օրակարգ և կքննարկենք»,-ասաց Շահգելդյանը:

 

Շահգելդյանն ընդգծեց, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ միտված է փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանությանը: «Ես ցանկանում եմ հիշեցնել, որ անցած տարվա ընթացքում շուրջ 1500 փոքր առևտրի կետեր են փակվել: Մենք փոքր բիզնեսը պաշտպանելու խնդիր ունենք, իսկ մեծ բիզնեսն ինքն իրեն կարող է պաշտպանել»,-ասաց Շահգելդյանը:

 

Միաժամանակ, Շահգելդյանն ընդգծեց, որ այս նախագիծը ոչնչով չի հակասում մեծ առևտրային օբյեկտների շահերին, այլ ուղղակի քայլ է փոքր բիզնեսը պաշտպանելու համար: Նա ընդգծեց, որ իրենք պատրաստ են լսել առաջարկներ թե կառավարությունից, թե այլ քաղաքական ուժերից՝ նախագիծն ավելի ընդգրկուն դարձնելու համար:

 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ խոշոր առևտրային օբյեկտների թվի ընդլայնումը իր բացասական ազդեցությունը կարող է թողնել միջին և փոքր առևտրային օբյեկտների հետագա գործունեության վրա:

 

Սույն նախագծով փորձ է արվում կարգավորել մի քանի խնդիրներ: Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է, որ սույն օրենքը կարգավորում է Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների կառուցապատման և տեղակայման չափորոշիչների նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև նրանց գործունեության հետ այլ հարաբերություններ և ուղղված է փոքր ու միջին առևտրային օբյեկտների շահերի պաշտպանությանն ու մրցունակության ապահովմանը, որի հիմնական նպատակը մայրաքաղաքի տարածքում առևտրային տարածքների տեղակայման ապակենտրոնացումն է: