Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ազատ արձակելու համար Դիարբեքիրում ստորագրահավաք է նախաձեռնվել: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, նախատեսվում է մինչև Օջալանի ծննդյան օրը' ապրիլի 4-ը, հավաքել մեկ միլիոն ստորագրություն: Ստորագրահավաքը մեկնարկել է դեռևս փետրվարի կեսերին: Այն նախաձեռնել է Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը: Մինչ այժմ հավաքված է 600 հազար ստորագրություն:

 

1980-1998 թվականներին Օջալանը բնակվել է Սիրիայում, որտեղից էլ ղեկավարել է Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK): 1998 թվականին Անկարայի ճնշման տակ Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը խնդրում է Օջալանին լքել երկիրը։1999 թվականին Քենիայում նրան ձերբակալում են և տեղափոխում Թուրքիա։ Թուրքական դատարանը Օջալանին դատապարտել է մահապատժի հայրենիքի դավաճանության մեղադրանքով, սակայն Եվրախորհրդի օրենքների համաձայն, այդ վճիռը հետագայում փոխվում է ցմահազատազրկման։