Ազգային ժողովում ավարտվել է գազամատակարարման խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ հանդիպման բուն նպատակն էր բոլոր հարցերը, որոնք բավականին մեծ քանակի էին, քննարկել երկու հիմնական ներկայացուցիչների հետ, որոնք են՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը և Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Նիստի նպատակն էր քննարկել հարցերը, ներկայացնել, թե մենք յուրաքանչյուր ենթահարցի մեջ ինչ բովանդակություն ենք տեսնում, և եթե մենք ունենք տարընթերցում գրավոր տեքստի հետ կապված' հստակեցնել մեր ձևակերպումները»,- ասաց նա:

 

Հարությունյանը նշեց, որ նիստի նպատակն էր նաև ուրվագծել, թե որ մարմիններն են, որ կարող են այս կամ այն հարցին պատասխան տալ: «Սա էր հիմնական նպատակը, դա արեցինք արդեն, հիմա մեր հարցերը կձևակերպենք և կուղարկենք համապատասխան կառույցներին՝ սպասելով պատասխաններին»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ շուրջ երկուսուկես ժամ տևած նիստի ընթացքում արդյունավետ և բովանդակային աշխատանք է կատարվել:

 

Նա նշեց, որ նախարարը և ՀԾԿՀ նախագահը հասկացել են, թե հիմնականում ինչին են վերաբերում իրենց ուղղված հարցերը՝ ընդգծելով, որ դա շատ կարևոր նշանակություն ունի: «Եթե զուտ գրավոր ես աշխատում, գրում ես հարցերը և ուղարկում, իսկ ստացողը քո տեքստից չի հասկանում, թե ինչ ասպեկտով ես դու հարցը դիտարկում, կարող ես կրկին ստանալ մի պատասխան, որի դեպքում ևս մեկ գրավոր հարց ուղարկելու կարիք կարող է առաջանալ»,- ասաց Հարությունյանը:

 

Պատգամավորը տեղեկացրեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա մյուս շաբաթ, սակայն լինելու է շատ ավելի սահմանափակ նիստ, որովհետև քննարկվելու է փորձագետի հարցը:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ անելու է հանձնաժողովի արդյունավետ աշխատանքին նպաստելու համար: «Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի հանձնաժողովն արդյունավետ աշխատի և մեր հանրությանն սպառիչ պատասխան ներկայացնի հուզող հարցերի վերաբերյալ»,- ասաց նա:

 

Նազարյանը նշեց, որ ավարտված նիստում բովանդակային քննարկում, որպես այդպիսին, չի եղել, ուղղակի քննարկվել են միասին արդյունավետ աշխատելու մեխանիզմներ: