Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետական կուսակցության' «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովի մասնակիցներին։ Համաժողովի ընթացքում ուղերձն ընթերցեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Իգոր Չերնիշենկոն՝ ՌԴ վարչապետի անունից ողջունելով մասնակիցներին։

«2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը կարևոր ընտրություն կատարեց՝ հայտարարելով Մաքսային միությանն անդամակցելու և Միասնական տնտեսական տարածքի մաս դառնալու մտադրության մասին: Հայկական գործընկերների որոշումը պաշտպանվեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից»,- իր ուղերձում նշել է Մեդվեդևը՝ հավելելով, որ գոհունակությամբ կարելի է փաստել «Ճանապարհային քարտեզի» հաջող իրականացման մասին: Մեդվեդևն իր ուղերձում նշել է, որ գլոբալիզացիայի պայմաններում ողջ աշխարհում նկատվում է տարածաշրջանային ինտեգրացիոն միավորների զարգացման կայուն միտումներ, որոնք կապված են ազգային տնտեսությունների հզորացման, տնտեսական աճի արագացման, լրացուցիչ ներդրումների հոսքի և այլ հարցերի հետ:

 

«Աշխատանքը նոր ինտեգրացիոն ձևաչափով արդեն բերում է կոնկրետ դիվիդենտներ Մաքսային միության անդամ երկրների և Միասնական տնտեսական տարածքի մասնակիցների համար: Վստահ եմ, որ ինտեգրացիայի ճանապարհին մեր համատեղ քայլերը դրական կանդրադառնան ռուս-հայկական ավանդական բարեկամական հարաբերությունների վրա և կծառայեն երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում»,-ուղերձում նշել է ՌԴ վարչապետը՝ համաժողովի մասնակիցներին հաջող աշխատանք մաղթելով:

 

Մարտի 29-ին Երևանում մեկնարկեց «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը։ Համաժողովին զեկույցներով հանդես են գալու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք: