Հայաստանի առաջատար մարմնամարզիկ, եվրոպական մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Արթուր Դավթյանը նվաճել է ոսկե մեդալ Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտված մարմնամարզության աշխարհի գավաթի մրցաշարում: Մինչ այդ հանդես եկած 3 հայ մարմնամարզիկները նույնպես մեդալ էին նվաճել: Ոսկե մեդալներ են նվաճել Հարություն Մերդինյանը և Արթուր Թումասյանը, իսկ արծաթե մեդալը բաժին էր հասել Վահագն Դավթյանին:

Այսպիսով, Հայաստանի բոլոր 4 մասնակիցներն էլ դարձել են աշխարհի գավաթի մրցանակակիրներ: Մինչ մրցաշարը, Հայաստանի մարմնամարզիկները Քաթարում համատեղ ուսումնամարզական հավաք էին անցկացրել այդ երկրի մարմնամարզության հավաքականի հետ, որի գլխավոր մարզիչն է նախկինում հանցաճանաչ հայ մարզիկ Էդուարդ Գևորգյանը:

Մրցաշարը սպասարկող մրցավարների թվում էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Սերոբյանը: Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցաշարին մասնակցել են 37 երկրների 137 մարզիկներ: