Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի զոհն է այս անգամ դարձել Սիրիայի հայկական Քեսաբ գյուղաքաղաքը: Հայ դատի Ավստրիայի հանձնախումբը դատապարտում է Թուրքիայի ոճրագործությունները և անպատիժ մնալը և համախմբան կոչ անում համայն հայությանը' պաշտպանելու պապենական հողը և ազգային բարձր արժեքները: Այս մասին նշելէ Հայ դատի Ավստրիայի հանձնախումբը Քեսաբի իրադարձությունները դատապարտող հայտարարության մեջ: Հայ դատի Ավստրիայի հանձնախումբը նաև նամակ է հղել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեպասթիան Քուրցին: «Թուրքիան, խախտելով բոլոր միջազգային օրենքները, մարտի 21-ի առավոտյան օգնություն է ցուցաբերել սիրիական վարչակարգին ընդդիմադիր իսլամիստական զինյալ «Ալ Նուսրա ճակատ» խմբավորմանը, որոնք գնդակոծում և բուռն հարձակումներ են գործադրում Թուրքիայի հետ սահմանակից Քեսաբի վրա և որի հետևանքով մեր հայրենակիցները բռնի տեղահանվել և ստիպված ապաստան են գտրել Լաթաքիայում»,- ասվում է հանձնախմբի տարածած հաղորդագրությունում:

 

Նշվում է, որ Քեսաբը ոչ միայն ցեղասպանության ականատեսը, այլ Կիլիկիայի Հայոց թագավորության, հայոց պատմության և հայրենի հողի բեկորն է հայության համար: Վերջին հարյուր տարվա ընթացքում սա երրորդ անգամն է, որ Քեսաբի հայությունը ստիպված տեղահանությունների է ենթարկվում և երեք անգամն էլ հարձակում իրականացնողը կամ իրականացնողի կողքին կանգնած է Թուրքիան: