Ինչպես հայտնում է Analitikaua.net-ը, մարտի 28-ին Oդեսայում կայացավ Ուկրաինայի հայերի միության եռամսյակային կոնֆերանսը, որի ընթացքում ընդունվեց համատեղ հայտարարություն.

 

«Ուկրաինայի հայերի միությունն այն միակ կազմակերպությունն է, որը միավորում և ներկայացնում է Ուկրաինայում ապրող հայերի շահերը, ովքեր Ուկրաինայի քաղաքացիներ են: Ուկրաինայի հայերի միությունը հասարակական կազմակերպություն է, որը գործում է Ուկրաինայի օրենսդրության ներքո: Այդ պատճառով էլ մենք իրավասու չենք մեկնաբանելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների զրույցը: Մեր դիրքորոշումն Ուկրաինայում տիրող քաղաքական իրադրության և ծավալվող գործողությունների մասին, որոնք հիմնականում իրականացվել են Ղրիմի տարածքում, մնում են անփոփոխ:

 

Ուկրաինայի հայերը խորապես ցավում են երկրում տիրող բարդ իրավիճակի համար և կոչ են անում ստեղծված խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների և նորմերի վրա: Ուկրաինայի հայերի միությունը հանդես է գալիս ի շահ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության: Սրված հակամարտությունները պետք է լուծվեն ներպետական կառուցողական երկխոսության միջոցով' հաշվի առնելով Ուկրաինայի քաղաքացիների շահերը:

 

Մենք դատապարտում ենք Ուկրաինայի հայերի միության անդամների այն գործողություններն ու հայտարարությունները, որոնք կընդունվեն միակողմանի և չեն համաձայնեցվի Ուկրաինայի հայերի միության հետ:

 

Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմն աջակցում է Ուկրաինայի հայ համայնքի պահպանմանը' իրականացնելով իր առաքելությունը, աղոթելով իրավիճակի կայունացնման համար՝ ինչպես Ղրիմում, այնպես էլ Ուկրաինայի բոլոր մարզերում:

 

Մենք, ինչպես և Ուկրաինայի ժողովուրդը, սգում ենք երկրում տիրող իրադարձությունների արդյունքում զոհվածների մահը, որոնց թվում կան նաև երկու հայ: Մենք շարունակոմ ենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին՝ չառանձնացնելով մեզ էթնիկ ուկրաինացիներից և այլ ազգերից, որոնք ապրում են Ուկրաինայում»:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպություններին:

 

Ուկրաինայի հայերի միությունն Ուկրաինայի առաջին համայնքային կազմակերպությունն է, որն ընդգրկվել է Եվրամիության թափանցիկության ռեեստրում: