ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն աշխատանքային այց են կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց: Նախարարը և Բրեդլի Բուզետոն շրջայց են կատարել արգելոցի վարչական շենքում գործող թանգարանում, դիտել Խոսրովի անտառի կենսաբազմազանությունը ներկայացնող կենդանիների և բույսերի ցուցանմուշները: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը գրառում է կատարել թանգարանի պատվավոր այցելուների մատյանում:

 

Հյուրերին ներկայացվել է արգելոցում իրականացվող բնապահպանական ծրագրերը և պահպանման ռեժիմի առանձնահատկությունները: Աշխատանքային քննարկման ժամանակ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության ընթացքում հաջողությամբ իրականացվել է մոտ 31 ազգային և 10 տարածաշրջանային ծրագիր, այդ թվում նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն կարևորել է Բնապահպանության նախարարության հետ համագործակցության որակական մեծ ձեռքբերումները և նկատել, որ համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձր են գնահատել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համապատասխան կառույցները: Վերջին տարիներին իրականացվում են բնապահպանական ծրագրեր' կլիմայի փոփոխության, տեղեկատվության և մոնիթորինգի համակարգի օպտիմալացման, պահպանվող տարածքների համակարգի հզորացման և ֆինանսական կայունության խթանման, քաղաքային ջեռուցման և էներգաարդյունավետության, ինչպես նաև Քուռ-Արաքս գետավազանի անդրսահմանային դեգրադացիայի նվազեցման ուղղություններով:

 

Նախարար Արամ Հարությունյանը և Բրեդլի Բուզետոն քննարկել են ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված հեռանկարային մի շարք այլ ծրագրեր: Այնուհետև ՀՀ բնապահպանության նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը խորհրդանշական ծառատունկ են իրականացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վարչական սահմանին հարակից տարածքում, ծանոթացել արգելոցի Այցելուների կենտրոնի մոտակայքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցներով կառուցված և էկոտուրիզմը խթանող շինությանը: