Թուրքիայում մարտի 30-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հաջորդ օրն անհայտ մարդկանց կողմից զինված հարձակման ենթարկվելու արդյունքում սպանվել է Սիիրթի նահանգի Թիլո քաղաքի «Բարգավաճում» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Բեհմեն Այդընը: Նա մահացել է հիվնադանոց տեղափոխվելու ճանապարհին: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը' նշելով, որ հարձակման հետեւանքով 5 մարդ է վիրավորվել:

 

Քաղաքապետի թեկնածուն հարձակման է ենթարկվել իր տան առաջ: Բեհմեն Այդընն ընտրություններում 39 տոկոս ձայն էր հավաքել: Այդ քաղաքում հաղթել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածուն, ով 50 տոկոս ձայն էր հավաքել: «Բարգավաճում» կուսակցության թեկնածուի վրա զինված հարձակման պատճառն անհայտ է: Կատարվում է հետաքննություն:

 

Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների միջեւ տարբեր նահանգներում ընտրությունների օրը տեղի ունեցած բախումներում 9 մարդ զոհվել, 40-ից ավելի մարդ էլ վիրավորվել է: Բախումները հանդարտեցնելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: ՏԻՄ ընտրություններում հաղթել է իշխող ԱԶԿ-ը' հավաքելով ընտրողների 45,6 տոկոս ձայները: