Հայաստանի մարմնամարզիկները Քաթարում օրերս կայացած աշխարհի գավաթի փուլային մրցաշարում բացառիկ արդյունք ցույց տվեցին' նվաճելով 3 ոսկե և մեկ արծաթե մեդալ:

Այս մասին ապրիլի 1-ին կայացած իր մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը:

Նա ասաց, որ նման հաջողությանը նպաստեց մի քանի գործոն: Առաջին հերթին մեր թիմի բոլոր մարզիկները՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը, մինչև մրցաշարի մեկնարկը արտակարգ լավ պայմաններում 10-օրյա ուսումնամարզական հավաք անցկացրին Քաթարում: Ի դեպ, քաթարցի մարմնամարզիկների հավաքականի գլխավոր մարզիչն է հայաստանցի անվանի մարմնամարզիկ Էդուարդ Գևորգյանը:

Սերոբյանը նշեց, որ հայ մարզիկները լավ մարզավիճակում էին, և ճիշտ ընտրած տակտիկան թույլ տվեց նրանց առավելություն ստանալ մրցակիցների նկատմամբ: Նա շեշտեց, որ Հայաստանի թիմի մարզիչները որոշ չափով բարդացրին մեր մարմնամարզիկների ծրագրերը, բայց բացառելով ռիսկը: Արդյունքում' հայ մարզիկները կարողացան շատ մաքուր կատարել իրենց ելույթները' խուսափելով սխալներից: Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը համոզիչ հաղթանակներ տոնեցին բոլոր մրցակիցների նկատմամբ, իսկ Վահագն Դավթյանին ոսկե մեդալ բաժին չհասավ միայն այն պատճառով, որ առաջին տեղը զբաղեցրեց հայաստանցի մեկ այլ մարզիկ' Արթուր Թովմասյանը:

Սերոբյանն ասաց, որ մինչև Եվրոպայի առաջնությունը Հայաստանի մարմնամարզիկներնը ազատ են մրցումներից և այդ մրցաշարին կնախապատրաստվեն ըստ անհատական ծրագրերի:

Ասուլիսին ներկա Արթուր Դավթյանն ու Մերդինյանն իրենց ուրախությունը հայտնեցին Քաթարում հաջող ելույթների առումով, իսկ Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը նշեցին' կարևորն այն չէր, թե իրենց երկուսից ո՞վ է մրցաշարի հաղթողը, այլ այն, որ հաղթողը Հայաստանի մարզիկն էր:

Սերոբյանը նշեց, որ մարմնամարզության աշխարհի գավաթի հաջորդ փուլերը կանցկացվեն Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում և Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում եւ որ միայն միջազգային մրցումներին հաճախ մասնակցելով հայ մարմնամարզիկները կկարողանան բարձր վարկանիշներ ձեռք բերել: