Արարատի մարզի գյուղացիները նույնիսկ ապրիլի մեկին կատակի սիրտ չունեն: Սկզբում կարկուտը, հետո քամին ու վերջում ձյունը գյուղացիներից խլեցին ամբողջ տարվա եկամուտը: Արարատի Արմաշ համայնքում քամին մինչեւ այգիներին հասնելը մտել էր տներն ու տարել գրեթե 20 տան կտուր ու պատուհան:

 

Շամիր Զեյնալյանի խորհրդային արտադրության ամենագնաց կարմիր 01-ը գյուղում ամենահայտնի մեքենան է, որով օրը մի քանի անգամ այգի են գնում ֆերմերները: Հերթական այցի ժամանակ գյուղացին իր այգու 4 ծառերը արմատախիլ արած գտավ' քամին պոկել էր ծիրանենիներն ու տապալել: Բայց կարկուտն ու քամին սկիզբն էին, ձյունն ու դրան հետեւած ցուրտը արդեն ծաղկած ծառերին փրկության հույս չի թողել: Գյուղացին այժմ ապավինում է դեղձենիներին, որոնք չէին հասցրել բացվել: Ծիրանենիները պետք է սպասեն եկող տարվա բերքին: Քամուց քշվածները միայն Արմաշում չեն' նույն մարզում քամին վնասել է նաեւ Սուրենավան ու Շամախ համայնքների բնակիչների տնտեսությունները: Մարզպետ Արամայիս Գրիգորյանն աշխատանքային խումբ է ձեւավորել, որն ուսումնասիրում է վնասները: Մարզպետարանն առաջիկայում ֆինանսական աջակցություն կցուցաբերի քամուց տուժած գյուղացիներին:

 

Գյուղացիների մեծ մասը վարկային պարտավորություններ ունի եւ ցրտահարության պատճառով այդ պարտավորությունները չի կարող կատարել: Արմաշի բնակիչ Վարուժան Մեսրոպյանի վարկը գրեթե 400 հազար դրամ է: Վերցրել է պարարտանյութեր գնելու համար, բայց բնությունը բոլոր ծրագրերը խառնել է:

 

Աշխատանքային այցով Արարատում գտնվող ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին գյուղապետերը տեղեկացրին վարկային ճգնաժամի մասին: Միջին հաշվարկով ամեն գյուղացի կես միլիոն դրամ վարկային պարտավորություն ունի: Արմեն Գեւորգյանը գրանցեց ու խոստացավ մի քանի օրվա ընթացքում հարցը քննարկել կառավարությունում:

 

Ֆերմերների մյուս խնդիրը ոռոգման ջրի գումարն է: Մեկ հեկտար ոռոգելու համար գյուղացին վճարում է տարեկան100 հազար դրամ: Փոխվարչապետը հայտարարեց, որ կառավարությունը կքննարկի ու այդ հարցում նույնպես լուծումներ կառաջարկի գյուղացուն:

 

Բնական արհավիրքից տուժել է ոչ միայն Արարատը, գրեթե նույն խնդիրներն ունի նաեւ Արմավիրը, բայց ընդհանուր վնասի չափը դեռեւս հայտնի չէ: Խմբերը հաշվում են տեղերում, թե որ բնակավայրում վնասը որքան է եղել:
Գյուղնախարարը վստահեցնում է, որ անկախ վնասի չափերից, այս տարի շուկայում ծիրան կլինի: ճիշտ է' քիչ, բայց կբերվի լեռնային գոտու այգիներից: Ձնից, կարկուտից ու քամուց տուժած գյուղացիներին նախարարությունը հորդորում է չհուսահատվել ու լոլիկ, ձմերուկ ու սեխ ցանել, բնության տված վնասները փակելու համար: