ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 28­-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրման վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Նամակում, մասնավորապես, ասված է.

 

«Հայաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ առավելապես հայերով բնակեցված հինավուրց Քեսաբ քաղաքում և շրջակա 12 գյուղերում իրավիճակի սրման կապակցությամբ: Հասանելի բոլոր վկայությունները և Քեսաբի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս եզրակացնել, որ վերջին հարձակումները, առանց որևիցե կասկածի, իրականացվել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, ալ-Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից: Բռնի գործողությունները, որոնք մեծ մասամբ ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, հանգեցրել են տեղ ի բնակչության տեղահանմանը: Ծայրահեղական խմբերը պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները, զգալի վնաս են հասցրել բնակիչների ունեցվածքին՝ արձանագրելով մարդու իրավունքների կոպտագույն խախտումների գորշ տեսարան: Միայն մի քանի տարեց մարդիկ են մնացել քաղաքում, ովքեր ի վիճակի չեն եղել հեռանալ: Այս սոսկալի հարձակումները մեծապես վտանգում են ՄԱԿ-ի ԱԽ կողմից միաձայն ընդունված 2139 և 2118 բանաձևերի իրականացումը, որոնք ուղղված են ճանապարհ հարթելու սիրիական ճգնաժամի լուծման համար:

 

Հայաստանը բազմաթիվ առիթներով բարձրացրել է Սիրիայում զինված հակամարտության պայմաններում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի, պաշտպանության անհապաղ անհրաժեշտության մասին, ովքեր հայտնվել են ծայրահեղ խոցելի իրավիճակում և դարձել են առաջնային թիրախներ: Քանի որ հումանիտար ճգնաժամը շարունակվում է, շատ կարևոր է անհապաղ պահանջել թուրքական իշխանություններից ձեռնարկելու հրատապ քայլեր՝ ծայրահեղական խմբերի կողմից իր տարածքի հետագա օգտագործումը կանխելու համար:

 

Քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառումը, անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի: Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծելու իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար և ապահովելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու համար»: