Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը նախագահող Շվեյցարիան Ուկրաինայում հատուկ դիտորդական առաքելության ղեկավարություն է նշանակել: Կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ պատվիրակությունը կգլխավորի Էրթոգյուլ Ապականը, որը 2009-2012 թվականներին ՄԱԿ-ին առընթեր Թուրքիայի մշտական ներկայացուցիչն էր:

 

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը նշանակել է նաեւ առաքելության ղեկավարի երկու տեղակալներին: Նրանք են՝ Մարկ Էթերինգթոնը Մեծ Բրիտանիայից, որը միջազգային առաքելությունները ղեկավարելու փորձ ունի, եւ Շվեյցարիայից Ալեքսանդր Հուգը, որը ներկայում ԵԱՀԿ-ի ներկայացուցչի գրասենյակում զբաղեցնում է ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ դիտորդների հատուկ առաքելության մանդատը ԵԱՀԿ-ի բոլոր երկրների կողմից համաձայնեցվել է մարտի 21-ին:

 

ԵԱՀԿ-ի հակամարտությունների կանխման կենտրոնի ղեկավար Ադամ Կոբերացկին նախօրյակին հայտնել Է, որ Ուկրաինայում Եվրակազմակերպության դիտորդական առաքելությունը կարող Է 100-ից ընդլայնվել մինչեւ 500 հոգի: «Սկզբնապես պատվիրակության կազմը բաղկացած Է 100 մարդուց: Մենք հնարավորություն ունենք այս պատվիրակությունն ընդլայնելու մինչեւ 500: Մենք ցանկանում ենք, ամենից առաջ, հնարավորինս արագ տեղաբաշխել դիտորդներին: Երբ նրանք սկսեն աշխատել, մենք պատրաստ ենք մեկ-երկու շաբաթ հետո ընդլայնելու այդ պատվիրակությունը»,- ասել Է Կոբերացկին:

 

Նրա խոսքով՝ արդեն Խարկով Է ժամանել երկու դիտորդ, եւս ութը պետք Է ժամանեն օրվա ընթացքում: Կոբերացկին ընդգծել Է, որ խոսքը վերաբերում Է ոչ թե զինվորական, այլ քաղաքացիական դիտորդներին, որոնց նպատակն Է առավելագույնս լիակատար տեղեկատվություն ստանալ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

 

ԵԱՀԿ-ի դիտորդական պատվիրակությունն Ուկրաինայում տեղաբաշխվում Է 6 ամիս ժամկետով՝ սկսած մարտի 21-ից: Դրա տեւողությունը կարող Է երկարաձգվել ըստ անհրաժեշտության:

 

Սկզբնապես 10-ական դիտորդներ կաշխատեն Լվովում, Կիեւում, Իվանո Ֆրանկովսկում, Չեռնովցիում, Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում, Օդեսայում, Խարկովում եւ Դնեպրոպետրովսկում: