Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն, ով այցով գտնվում է Ադրբեջանի հյուսիսային' լեզգիներով բնակեցված Գուբայի շրջանում, հանդես է եկել հակահայկական սադրիչ հայտարարություններով: Ինչպես հաղորդում է haqin.az լրատվական կայքը, Ադրբեջանի հոգեւոր հայրը հայտարարել է. «Հայաստանը մեր որոշ եղբայրական մահմեդական պետությունների ձեռքերով փորձում է պրովոկացիաներ կազմակերպել Ադրբեջանում: Բայց դա նրանց չի հաջողվի»:

 

Նշվում է, որ Ալլաշուքյուր Փաշազադեն լեզգիներով եւ թաթերով բնակեցված Գուբայի, Խաչմազի եւ Գուսարի շրջաններ է այցելել «կրոնական լուսավորման նպատակով»: Միանշանակ է, որ օր ու գիշեր ադրբեջանցիների «հանդուրժողականության» մասին ճամարտակող Փաշազադեի այդ միայնգամայն հիմնազուրկ հայտարարությունը ադրբեջանցիներին զուգահեռ' ադրբեջանաբնակ այլազգի մահմեդական բնակչությանը եւս հայերի դեմ հանելու նպատակ է հետապնդում:

 

Ինչպես երեւում է, Ադրբեջանի հոգեւոր հայրը միացել է այդ երկրի ղեկավարության համապարփակ հակահայկական քարոզչությանը:

 

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում են բնակչությանը պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի…: