Ռուսաստանը և Իրանն առաջընթացի են հասել ռուսական սարքավորումների դիմաց իրանական նավթի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցություններում. գործարքի գումարը կարող է կազմել 20 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ:

 

Հունվարին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ՌԴ-ն և Իրանը քննարկում են ռուսաստանյան սարքավորումների և ապրանքների դիմաց Ռուսաստանին օրական մոտավորապես 500 հազար բարել իրանական նավթի մատակարարման հարցը: Ավելի ուշ Իրանի դեսպան Մեհդի Սանային հաստատել է բանակցությունների փաստը' հավելելով, որ խոսքն օրական մի քանի հարյուր հազար բարել նավթի մատակարարման մասին է:

 

Ռուսաստանում գործակալության աղբյուրը հայտնել է, որ Մոսկվան «իր կողմից պատրաստել է բոլոր փաստաթղթերը»: Նա հավելել է, որ պարտավորագրում նավթի վերջնական գնի շուրջ պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել: Նրա խոսքով՝ քննարկվել է ռուսական ապրանքների դիմաց, ներառյալ մետաղներ և պարենամթերք, Իրանից նավթի մատակարարման տարբերակը: Ռազմական տեխնիկայի մատակարարման մասին համաձայնագրում չի խոսվում:

 

Բացի այդ, Reuters-ի աղբյուրն ասել է, որ գործարքի ընդհանուր գումարը, ինչպես սպասվում է, կկազմի 15-ից մինչև 20 միլիարդ դոլար: