Իր հրաժարականի մասին հայտարարած վարչապետ Տիգրան Սարգսյանը տնտեսական բարեփոխումների բլոկ էր ներմուծել, որը եղել է արդյունավետ: «Մեքենաների ապահովագրումը, բանկային համակարգում նրա փոփոխությունները բերեցին լուրջ զարգացումների: Այժմ հարց է, թե նոր վարչապետը որ ոլորտում ուժեղ կլինի, կկարողանա՞ պաշտպանել բանկային համակարգն ու զարգացնել այլ ճյուղեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

 

Քաղաքագետը կառավարության կազմում տեղաշարժեր ու փոփոխություններ է կանխատեսում: Վարչապետի հրաժարականից հետո կառավարության նոր կազմում, առնվազն տնտեսական բլոկի նախարարները կփոխվեն: «Վարչապետի հրաժարականից հետո նրա թիմի նախարարները կփոխվեն, քանի որ յուրաքանչյուր վարչապետ ձևավորում է իր թիմն ու ցանկանում իր հետ նորություն բերել: Ուժային կառույցների նախարարները չեն փոխվի»,- ասաց Սերգեյ Մինասյանը' հավելելով, որ կառավարության թիմը, գործառույթներն ու ուղղվածությունը պայմանավորված կլինեն բացառապես այն հանգամանքով, թե ով կլինի հաջորդ վարչապետը: Անդրադառնալով վարչապետի պաշտոնի հավակնորդների ցուցակին, Մինասյանն ասաց, որ նոր թեկնածուի առնչությամբ պատկերացումներ ունի միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հենց նա էլ կընդունի վերջնական որոշումը: «Խորհրդարանում վարչապետի թեկնածուի հարցը քննարկելու կամ այլ քաղաքական ուժերի հետ համաձայնացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն է ԱԺ-ում, և նոր թեկնածուի ընտրությունը բացառապես կախված է երկրի նախագահից, այն նպատակներից և առաջանահերթություններից, որոնք կկարևորի նախագահը»,-նկատեց նա:

 

Սերգեյ Մինասյանի գնահատմամբ' վարչապետի հրաժարականից հետո քաղաքական կյանքում իրական փոփոխություններ չեն լինի: «Կարճ ժամանակով քաղաքացիական ակտիվությունը կդադարի, կրքերը կհանդարտվեն, ինչն էլ այսօր իշխանության ամենակարևոր խնդիրն է»,- ասաց Մինասյանը:

 

Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը: Նույն օրը երեկոյան Տիգրան Սարգսյանը հետևյալ գրառումն է կատարել Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել'մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակա լությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

 

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն' հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո' քսանօրյա ժամկետում: