Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու

 

Վիրապ մտնելու հիշատակության օր

 

Ապրիլի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվելու է բաց Ս. Պատարագ: Հավատավորները հնարավորություն կուենանան հաղորդվելու:

 

Հայ Եկեղեցու տոնացույցում սա հայ առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից առաջինն է: Նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների' Սբ. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր:

 

Անակ Պարթևը սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում, դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաեւ արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: 4-րդ դարի ընդհանրական եկեղեցու Ս. Հովհան Ոսկեբերան հայրապետը Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած... Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող և ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, այնքան ժամանակ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին: Քանզի այս մարդը մոտ էր Աստծուն»:

 

Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորչը դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում՝ դառնալով պետականորեն ճանաչված Հայ Եկեղեցու առաջին հովվապետը: Ս.Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:

 

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան