Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը դրական է գնահատում Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը: Ծաղկաձորում անցկացվող «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովի ընթացքում Արսեն Քարամյանը նշեց, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին երկրում լուրջ բարեփոխումներ են տեղի ունեցել: «Նրա վարչապետության տարիներին լուրջ փոփոխություններ են եղել թե՛ էլեկտրոնային կառավարման, թե՛ այլ ոլորտներում»,-  ասաց Քարամյանը:

 

Քարամյանի համար անընդունելի է սոցիալական ցանցերում վարչապետի հասցեին հնչող քննադատությունը: Նրա խոսքով՝ իր վարչապետության տարիներին Տիգրան Սարգսյանը բավականին բարեփոխումներ է իրականացրել և պետք չէ այդքան չարությամբ լցվել նրա հանդեպ: «Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ են մարդիկ չարությամբ լցված նրա նկատմամբ: Միթե՞ նա որևէ լավ գործ չի արել: Ցանկացած մարդ էլ իր գործունեության ընթացքում թերություններ և սխալներ ունենում է: Պետք չէ այդպես չարությամբ լցվել»,- ասաց Քարամյանը:

 

Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը: Նույն օրը երեկոյան Տիգրան Սարգսյանը հետեւյալ գրառումն է կատարել Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել'մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալո ւթյունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»: