Անցած հինգշաբթի ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ինչպես ինքը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, նա այդ դիմումը ներկայացրել էր դեռևս մեկ ամիս առաջ, սակայն այն հետաձգվել էր' մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով:

 

Այժմ վարչապետի հնարավոր թեկնածուի վերաբերյալ յուրաքանչյուրն անում է իր կանխատեսումները, շոշափվում են բազմաթիվ անուններ՝ Հովիկ Աբրահամյան, Սեյրան Օհանյան, Արթուր Բաղդասարյան և այլն:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշեց, որ այս պահին անուններ հնչեցնելը կլինի միայն գուշակություն:

 

«ՀՀ նոր վարչապետ կդառնա այն անձը, ով վստահություն կունենա Ռուսաստանում, ինչո՞ւ, որովհետև այստեղ մի քանի հարցեր պետք է պարզել: Նախ, թե վարչապետի նոր նշանակված անձը լինելու է ընդամենը ժամանակավո՞ր վարչապետ մինչև մյուս նախագահական ընտրություններ, թե՞ լինելու է վարչապետ-նախագահի թեկնածու, թե՞ վարչապետ երկար ժամանակով, այսինքն' կախված այդ սկզբունքներից: Սակայն չենք կարող նշել, թե այդ սկզբունքներից որը կլինի, որովհետև, փաստորեն, մի բան կարող ենք ասել, որ վարչապետի հրաժարականի հարցը հայաստանյան գործոններով այս պահի դրությամբ հնարավոր չէ մեկնաբանել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերի 2-ից հետո Հայաստանը փաստացի դարձել է Ռուսաստանի Դաշնության վարչատարածքային միավոր' բնականաբար, այդ հանգամանքներում շատ ավելի տրամաբանական է վարչապետի հրաժարականը բացատրել արտաքին քաղաքական գործոններով: Իսկ թե հիմա այդ արտաքին քաղաքական գործոններն ի՞նչ նպատակ են իրենց առջև դրել, վարչապետի ինչպիսի՞ որակական թեկնածու են ուզում, ապագան ցույց կտա»,-ասաց Բադալյանը:

 

Հարցին, թե հրաժարականի հարցը վաղո՞ւց էր որոշված, թե՞ անակնկալ էր, Արմեն Բադալյանն ասաց. «Հայաստանը փոքր երկիր է, եթե վարչապետը մեկ ամիս առաջ հրաժարականի դիմում ներկայացրած լիներ' ամենայն հավանականությամբ այդ մասին արտահոսք, այսպես թե այնպես, կլիներ: Սակայն մենք գիտենք, որ դրա մասին արտահոսք ընդհանրապես չի եղել և, ինչպես ասում են, անակնկալ միանգամից հայտարարվեց վարչապետի հրաժարականի մասին. ամենայն հավանակությամբ, դա շատ կարճ ժամանակահատվածում ընդունված որոշում է եղել»: