Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն առայժմ չեն կարող հստակ ասել, թե նախագահական ընտրությունները կանցնեն մե՞կ փուլով, թե այնուամենայնիվ կլինի երկրորդ փուլ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խոսելով նախագահական ընտրություններից, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է. «Այս պահին չենք կարող ասել, այդ հարցի պատասխանը հայտնի կդառնա միայն, երբ նախընտրական քարոզարշավը մեկնարկի և հանդիպումներ լինեն ընտրողների հետ: Մենք պետք է տեսնենք ընտրողների տրամադրվածությունը»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահ է, որ փետրվարյան նախագահական ընտրություններում գործող նախագահի օգտին կաշխատեն և նրան կսատարեն ոչ միայն ԲՀԿ առանձին ներկայացուցիչներ, այլ նաև ընդդիմադիր թևի անդամներ: «Ոչ միայն ԲՀԿ-ականներ, այլ նաև ես արդեն կռահում եմ, որ ընդդիմադիր դաշտից էլ կան մարդիկ, ովքեր դրական են տրամադրված գործող նախագահի նկատմամբ»,- նշել է Գալուստ Սահակյանը: Մեր այն հարցին, թե որտեղի՞ց նման համոզմունք, ՀՀԿ խմբակցության ղեկավարը տվել է հետևյալ պատասխանը. «Որովհետև անընդհատ ինֆորմացվում ենք, մենք այս պահին կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը բավականին բարձր վարկանիշ ունի»: Գալուստ Սահակյանը նշել է, որ չնայած չի հիշում, թե քանի թեկնածու է առաջադրվել, սակայն բոլոր առաջադրվածներին էլ այս պահին համարում է լուրջ մրցակից:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով հանրապետական Գալուստ Սահակյանի այն վստահեցումներին, թե ԲՀԿ գործիչները, այնուամենայնիվ, սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ, թե ով ինչ է վստահեցնում, և ինչ հիմքով են նման հայտարարություններ անում, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ իր մոտեցումն արտահայտել է' ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում չի առաջադրել թեկնածու և չի սատարելու առաջադրված որևէ թեկնածուի»:

Փայլակ Ֆահրադյան