ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 9-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց հետևանքները, Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրները՝ նրանց կացարաններով ապահովելու և Նոր Հալեպ թաղամասի կառուցմանն առնչվող մի շարք այլ հարցեր:

 

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ՓԳՀ գործակցությունը, Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված նրանց ակտիվ գործունեությունն ու ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին ու միջոցառումներին Քրիստոֆ Բիերվիրթի մասնակցությունը:

 

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին կառուցողական քննարկումների, առաջարկությունների և համագործակցության համար: Նա նշել է, որ ուշադիր հետևում է քեսաբյան դեպքերին, մշտապես կապի մեջ է ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ և հայ ժողովրդի դիրքորոշումը փոխանցել է ՄԱԿ-ի գործընկերներին: Քրիստոֆ Բիերվիրթին իր խոսքում կարևորել է նաև Հայաստանում ապրող սիրիահայերի հիմնախնդիրներին վերաբերող հարցերը՝ հույս հայտնելով, որ դրանք շուտով կստանան իրենց լուծումները:

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքները՝ ստեղծված իրավիճակում սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու, հատկապես՝ բնակարանաշինության և կացարաններով ապահովելու ուղղությամբ ծրագրերն իրականացնելու համար: