ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված էր ներքաղաքական զարգացումներով՝ մի քանի գործոնների միաժամանակյա ազդեցությամբ: Ապրիլի 9-ին հրավիրված ասուլիսում այդ մասին նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա նշեց ՀՀ սահմանադրական դատարանի որոշման, քաղաքացիական շարժումների ակտիվացման և ոչ իշխանական 4 ուժերի գործողություների մասին: «Ես կարծում եմ, որ հրաժարականը բացառապես պայմանավորված է Հայաստանի ներքաղաքական զարգացումներով, որը նաև հասունացած էր. ծրագրերը չեն կատարվում, երկրի ճգնաժամը չի հաղթահարվում, ամենակարևորը՝ արտագաղթը չի կանգնում, հոգեբանական վիճակը չի փոխվում»,- նշեց Շիրինյանը: Քաղաքագետը վատ է համարում, երբ խոսակցություններ են տարածվում վարչապետի հրաժարականի հարցում արտաքին գործոնի դերի մասին: «Ես կարծում եմ, որ մենք ձեզ հետ պիտի մերժենք այս տեսակետը, որովհետև սա տոն է տալիս օլիգարխիայի տրամադրությանը՝ ոչինչ չի փոխվի, մեզնից ոչինչ կախված չէ և այլն, և այլն»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ բոլորն այժմ պետք է կենտրոնանան Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծման վրա: