Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի՝ իրավական անվտանգությունը չխթարելու նկատառումներով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի հակասահմանադրական ճանաչված բոլոր իրավադրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ այդ դրույթները մինչ այդ, ժամանակավորապես պահպանում են իրավական ուժը՝ այսինքն գործում են: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում պարզաբանեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը:

 

Միաժամանակ, նրա խոսքով, ՍԴ որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչև սեպտեմբերի 30-ը կատարված և կատարվելիք կուտակային վճարներին: «Երկրորդ, համաձայն Սահմանադրական դատարանի օրենքի 68-րդ հոդվածի՝ հնարավոր է միայն երեք դեպք, երբ ՍԴ-ն կարող է իր որոշմանը տալ հետադարձ ուժ՝ քրեական, վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենսգքրերի դրույթների հակասահմանադրականության հարցի դեպքում, կամ երբ ՍԴ-ն իր որոշմանը տալիս է հետադարձ ուժ: Տվյալ պարագայում, ՍԴ-ն ոչ միայն նման քայլի չի դիմել, այսինքն' հետադարձ ուժ չի հաղորդել այս որոշմանը, այլև անվավեր ճանաչված նորմատիվ ակտի համապատասխան դրույթների՝ ուժը կորցնելու ժամկետը հետաձգել է մինչև սեպտեմբերի 30-ը, ինչը սույն օրենքի նշված հոդվածի՝ այսինքն 68-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ նշանակում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը վիճարկվող դրույթները համարվում են սահմանադրությանը համապատասխանող»,- ասաց Կիրակոսյանը:

 

Ըստ նրա՝ ՍԴ-ի որոշումից միանշանակ հետևում է, որ մինչև սեպտեմբերի 30-ն ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնակատարերը: Բացի այդ, Կիրակոսյանի դիտարկմամբ, համաձայն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի՝ նրանք պարտավոր են կատարել համապատասխան ամսական կուտակային վճար և այդ պահանջը նույնպես գործում է մինչ սեպտեմբերի 30-ը:

 

«Չորրորդ, մինչև սեպտեմբերի 30-ն ամբողջությամբ գործում է նաև օրենքի 76-րդ հոդվածը: Այսպիսով, այս հստակության հետ կապված, կարծում ենք, որ մտացածին և այդքան էլ տեղին չեն իրարամերժ մոտեցումները, կարծում ենք սա կողմնորոշիչ կլինի կառավարության համար՝ միասնական հստակ դիրքորոշում ունենալու ՍԴ որոշման բովանդակության վերաբերյալ»,-նշեց ՀՀ արդարադատության փոխնախարարը:

 

Իր հերթին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ վարչապետի որոշմամբ' ստեղծվել է աշխատանքային խումբ, որն սկսել է իր աշխատանքները: Մինչ մայիսի 15-ն աշխատանքային խումբը կառավարությանը պետք է ներկայացնի համապատասխան օրենսդրական փաթեթ: Ասատրյանը ևս մեկ անգամ հրավիրեց բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցել այդ աշխատանքներին: