Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում' Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ տեղի ունեցավ պսակադրության արարողություն եվրոպացի քաղաքական, տնտեսական գործիչների կողմից, որոնք Հայաստան են ժամանել մասնակցելու «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և ինտեգրման ուղիները» թեմայով տնտեսական ֆորումին:

 

Հյուրերի կազմում են Սլովակիայի խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մառոշ Կոնդրոտը, Չեխիայի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Կիրիլ Սվոբոդան, Սլովակիայի Տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Պետեր Բալաժը: Հյուրերին ուղեկցում էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

 

Լրագրողների հետ զրույցում Սլովակիայի խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մառոշ Կոնդրոտը նշեց, որ ինքն արդեն երկրորդ անգամ է Երևանում և երկրորդ անգամ է այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: «Մի քանի տարի առաջ ես եղել եմ նաև Ցեղասպանության թանգարանում և ստացել եմ ողջ ինֆորմացիան Ցեղասպանության վերաբերյալ: Դուք գիտեք, որ Սլովակիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ապացուցելով, որ շատ լավ հասկանում է, թե ինչ ողբերգություն է կատարվել հայ ժողովրդի հետ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ցեղասպանության արդյունքում 1.5 միլիոն քրիստոնյա հայ է սպանվել, իսկ Սլովակիան, որպես քրիստոնյա երկիր, հասկացել և ընդունել է այդ փաստը:

 

Կոնդրոտն ընդգծեց, որ Սլովակիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ամեն տարի ապրիլի 24-ին այցելում են Բրատիսլավայում Հայոց ցեղապսանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան՝ հարգելու նրանց հիշատակը:

 

Սլովակիայի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Պետեր Բալաժը նշեց, որ այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Առաջին աշխարհամարտի տարիներին, սարսափելի է և հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի նման ողբերգություններն այլևս չկրկնվեն: «Մենք շատ ուրախ ենք, որ Սլովակիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որով կատարել է նման դեպքերը կանխելու առաջին քայլը»,- ասաց նա:

 

Չեխիայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, նախկին արտգործնախարար Կիրիլ Սվոբոդան ցավով ընդգծեց, որ Չեխիայի խորհրդարանը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Սակայն մեր համալասարանում մենք պատմություն ենք դասավանդում և տեղեկություն ենք հաղորդում նաև Հայոց ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի տարիներին: Երիտասարդները պետք է իմանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել, որպեսզի հետագայում իրենք քայլեր ձեռնարկեն, որպեսզի նման ողբերգություններն այլևս չկրկնվեն»,- ասաց նա: Նա նշեց, որ ներկայում ամբողջ աշխարհի համար շատ կարևոր է անվտանգության հարցը, ուստի հարկավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի հետագայում ոչ մի ազգ ցեղասպանության վտանգի առջև չկանգնի:

 

2004 թվականի նոյեմբերի 30-ին Սլովակիայի խորհրդարանը ընդունել է բանաձեւ, որով ճանաչել է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած հայերի ցեղասպանությունը: Սլովակիայի գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը 2012թ. կրկին Ծիծեռնակաբերդում հայտարարել էր, որ Սլովակիան ընդունել է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, ըստ որի' Սլովակիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար անձը կստանա 5 տարվա ազատազրկում, եթե դա արել է կանխամտածված, իսկ եթե ոչ կանխամտածված է եղել՝ 3 տարի:

 

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն' ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները' Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: