Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև: Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատը նման բանաձև է ընդունում: Բանաձևն անցել է 12 կողմ և 5 դեմ ձայներով: «Հայոց ցեղասպանությունը նախապատրաստվել և իրականացվել է Օսմանյան Կայսրության կողմից 1915-1923թթ.: Տեղահանվել են մոտ երկու միլիոն հայեր, որոնցից 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվել են, 500 հազար վերապրածներ արտաքսվել' թողնելով 2500-ամյա իրենց պատմական հայրենիքը»,-նշված է ընդունված բանաձևում: Փաստաթղթում կոչ է արվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային աշխատել Հայաստանի և Թուրքիայի կառուցողական հարաբերությունների հաստատման ուղղությամբ' Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ներառմամբ: Բանաձևը նախագահին հորդորում է ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ հավատարիմ լինել այնպիսի զգայուն թեմաների, ինչպիսիք են մարդու իրավունքները, մարդկության նկատմամբ հանցագործությունները, էթնիկ զտումները, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների փաստաթղթերը: Առաջարկվում է Սենատին 2014թ. ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 

«Այսօրվա քվերակությունը վերահաստատում է Միացյալ Նահանգների նվիրվածությունը ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացման և կանխարգելման գործին: Ինչպես սենատոր Մենենդեսը նշեց, Հայոց ցեղասպանությունը փաստական իրողություն է»,- նշել է ԱՄՆ Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին' ողջունելով բանաձի ընդունումը: