Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է խոսակցությունները, ըստ որոնց՝ եթե Հովիկ Աբրահամյանը նշանակվի վարչապետ, ինքը կարող է նշանակվել արդարադատության նախարարի պաշտոնում:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց. «Սա քաղաքական խորհրդակցությունների գործընթաց է, և այդ գործընթացքում ոչինչ բացառել չի կարելի: Սակայն այս պահին ես դրա վերաբերյալ հստակ ոչինչ չեմ ցանկանում ասել»,- ասաց նա:

 

Պատգամավորը նշեց, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ով կնշանակվի վարչապետ, և հստակ կլինեն նրա գործունեության ծրագրերը և ուղղությունները: «Վարչապետը 20 օրվա ընթացքում կձևավորի կառավարությունը, ինչի բուն նպատակը թիմ ձևավորելն է»,- ասաց նա:

 

Դավիթ Հարությունյանը բացատրեց, որ թիմ ասելով, նկատի չունի մերձավորներին, այլ նկատի ունի թիմ, որն ունի միասնական գաղափարներ: «Կառավարությունը ոչ թե ուղղակի նախարարների գումար է՝ այս նախարարն' իր ոլորտում, այն նախարարն' իր ոլորտում, այլ այն բանի համար է կառավարություն կոչվում, որ յուրաքանչյուր նախարար պատասխանատու է ամբողջ կառավարության գործունեության համար»,- պարզաբանեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

 

Նա նշեց, որ չի կարող, օրինակ, արդարադատության նախարարը ասել, թե ինքը պատասխանատու չէ սոցիալական ոլորտի համար, քանի որ իր ոլորտը միայն արդարադատությունն է: «Թիմ ասելով՝ ես նկատի ունեմ այն համախոհների բանակը, ովքեր ունեն միասնական ծրագիր և կարողություն այդ ծրագիրը կյանքի կոչելու համար»,- շեշտեց Հարությունյանը: