Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական խորհուրդն ապրիլի 12-ին հերթական նիստ է գումարել, որի ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման փաստին: Այս առիթով Միջեկեղեցական խորհուրդը նամակ է ուղղել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին' հանուն Հայ Եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանք փոխանցելով նրան և հանձնաժողովի անդամներին:

 

Նամակում մասնավորապես կարևորվում է Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցի սեմին Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված նման բանաձևի որդեգրումը և ընդգծվում, որ այն խթան կլինի աշխարհում խաղաղության հաստատման, մարդկության դեմ գործված ոճրագործությունների կանխարգելման և դատապարտման գործում: