Քաղաքական խաղի պարզ կանոններ

 

Միջազգային ասպարեզում ոչ բոլոր քաղաքական խաղերն ունեն իրենց կանոնները: Իզգոյ-պետությունների, ինչպես նաեւ նրանց վասալների հարցում կիրառվում են խաղի առավելագույն պարզեցված կանոններ, քանի որ դա պարզապես անտեսման, դատապարտման եւ արհամարհանքի արդյունք է, սակայն, ավելի շուտ՝ տվյալ երկրի մարգինալացման կամ հարկադրանքի տեխնոլոգիայի հնարք:

 

Ռուսաստանում ստեղծվել է արտաքին կենտրոնների կողմից կառավարելի այնպիսի տնտեսական ու քաղաքական համակարգ, որ գործնականում բարդ խնդիրներ չի առաջանում նրա հետ հարաբերություններ ձեւավորելու հարցում՝ որպես գաղութային, կոմպրադորական բնույթի տնտեսություն ունեցող երկրի: Ռուսաստանի ներկայիս դրության եւ «ապագա ճակատագրի» քննարկումների ողջ ընթացքը նման է վաղուց փորձած պիեսի ներկայացման:
Կասկած չկա, որ սցենարը կամ սցենարները գոյություն ունեն, խնդիրը միայն տեղեկատվության, ընթացիկ իրադարձությունների եւ մարտավարական պահերի ճշտման ուսումնասիրությունն է: Խնդիրներ են առաջացել հետախուզական տեղեկատվության վերաբերյալ, եւ եկել է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ-երկրների մեծամասնության ջանքերը Ռուսաստանի մարգինալացման «ճանապարհային քարտեզը» կազմելու հարցում համակարգելու ժամանակը:

 

Ավելի պարզ ասած, Ռուսաստանին անտեսելու են եւ կոպտորեն շրջափակելու են նրա բոլոր նախաձեռնությունները միջազգային կազմակերպություններում եւ տարածաշրջանային քաղաքականության մեջ:
Ներկայում կան գրեթե աննկատ եւ նույնականացման չտրվող իրադարձություններ տարբեր ուղղություններով, օրինակ՝ Սիրիայի հարցում: ԱՄՆ-ն վաղուց իր շահերին հարմարեցրել է իրականությունը Մերձավոր Արեւելքում, այդ թվում Սիրիայում: Դա հեշտությամբ ու անսպասելի է տեղի ունեցել այն պատճառով, որ ԱՄՆ-ն ունի իրադարձությունների զարգացման միանգամից մի քանի սցենար ու ծրագիր, ի տարբերություն իր գործընկերների ու հակա-գործընկերների: Ընդ որում, դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Օբամայի վարչակազմում մինչ օրս չկա քիչ թե շատ գրագետ թիմ Մերձավոր Արեւելքի խնդիրներով:

 

ԱՄՆ-ն հավանություն է տվել Բաշար Ասադի ու նրա թիմի իշխանության պահպանմանը եւ դրանով բացել ամերիկյան քաղաքականության մեջ Սիրիային աբսորբացնելու «դռները»: Մերձավոր Արեւելքի քաղաքական գործիչներն ու փորձագետները, ինչպես Ասադի ռեժիմի կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները, համաձայնվել են, որ ամերիկացիները պատրաստ են համագործակցել նրա հետ, ընդ որում, Վաշինգտոնի այս որոշումը, երեւում է, կայացվել է արդեն 2012-ի վերջին: Սակայն մնում էր Սիրիայում որոշակի դիրքեր ունենալու Ռուսաստանի հույսը, եւ Ասադը ներկայիս իրավիճակում չէր կարող մերժել Ռուսաստանի այդ «հույսերը»:

 

Իրավիճակը փոխվել է, եւ պետք էր ընդունել անսպասելի որոշում եւ Թուրքիային քարտ-բլանշ տալ Սիրիայի հարցում ագրեսիայի ակտիվացման հարցում: Սակայն երկար ժամանակի ընթացքում հենց ԱՄՆ-ն էր Թուրքիայի ռազմական ներխուժումը զսպող հիմնական ուժը: Նման դիրքորոշում ուներ նաեւ ՆԱՏՕ-ն, որը կտրուկ դեմ էր Թուրքիայի ճնշմանն այդ ներխուժման հարցում: Թուրքիայի գործոնը զսպեց Սիրիայում ՆԱՏՕ-ի ցամաքային գործողության իրականացումը:
Ներկայում իրավիճակը քիչ ինչ այլ է, քանի որ Ռուսաստանի ներկայությունն անթույլատրելի է դարձել ոչ միայն Ուկրաինայում ու Վրաստանում, այլեւ ողջ Մերձավոր Արեւելքում: Ընդ որում, տվյալ խնդիրը լիովին ձեռնտու է տարածաշրջանի բոլոր 4 տերություններին՝ Թուրքիային, Իրանին, Եգիպտոսին ու Սաուդյան Արաբիային: Սիրիական իրադարձությունների ընթացքում առաջին անգամ Պետական դեպարտամենտը հայտարարեց, որ ազդեցություն չունի իսլամ արմատականների վրա, եւ հենց սիրիա-թուրքական սահմանում: Դա նշանակում է, որ այս տարածաշրջանում քրիստոնյա բնակչության հարցերը թող լուծի Ռուսաստանը, եթե կարող է:

 

Քիչ ավելի ուշ ՄԱԿ-ում տապալվեց Ռուսաստանի առաջարկը սիրիա-թուրքական սահմանին արմատականների գործողությունները դատապարտելու վերաբերյալ, որտեղ կան քրիստոնյա համայնքներ: Այդպիսին է Արեւմտյան հանրության եւ նրա գործընկերների քաղաքականության տրամաբանությունը տարբեր տարածաշրջաններում Ռուսաստանի նախաձեռնությունների հարցում:

 

Հնարավոր է Սիրիային ձեռնտու է նման իրավիճակը, որը հայտնվում է առավել ընդունելի վիճակում Ռուսաստանի հետ երկխոսության հարցում, որը հանդես է գալիս որպես զենքի սպեկուլյանտ եւ Իսրայելի պաշտպան: Այդպիսով, ողջ աշխարհին հասկացվում է, իսկ որոշ երկրների էլ զգացնել տրվում, որ խիստ վտանգավոր է Ռուսաստանի վասալ դառնալը կամ սեփական շահերը նրա հետ կապելը:

 

Ռուսաստանը դեռ պետք է համաշխարհային հանրությանը, նրա աշխարհքաղաքական ու էներգա-հումքային նշանակության հետեւանքով, իսկ այ նրա վասալները կմնան բավական կոպիտ կանոններով օտար խաղի անիվների տակ: 

 

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ