ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո հրապարակվեց ՀՀ նոր վարչապետի անունը' Հովիկ Աբրահամյան: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով' Աբրահամյանի թեկնածությունն ընդունվել է միաձայն:

 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով' Հովիկ Աբրահամյանի ընտրությունն ուներ մեկ պատճառ.

 

«Դրանով Սերժ Սարգսյանը փորձում է ժամանակ շահել, ինքը փորձում է «կապել» ԲՀԿ-ի ձեռքերն ու ոտքերը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ և ժամանակ շահելուց հետո, երբ կայունանա իրավիճակը, արդեն փորձի կատարել այն քայլերը, որոնք կգտնի անհրաժեշտ' դաշտն ամբողջովին իրեն ենթարկեցնելու համար: Այդ պահից հետո, իհարկե, շատ վատ վիճակ կլինի երկրում, քաղաքական դաշտում: Ուստի ես այն համոզմանն եմ, որ քառյակ ուժերը չպետք է դադարեցնեն իրենց պայքարը, պետք է շարունակեն, հակառակ պարագայում՝ մենք շատ բան ենք կորցնելու», - Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը' հավելելով, որ ինքը հույս ունի, որ ԲՀԿ-ն կշարունակի համագործակցումը և պայքարն այն ուղղությամբ, ինչ եղել է մինչև հիմա: