Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը մոտ ժամանակում պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: Այս մասին «Վեստնիկ Կավկազա» պարբերականի իսրայելյան թղթակից Պյոտր Լուիկիմսոնին հայտնել է Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան: Աղբյուրի խոսքով, Լիբերմանը մեծ պատվիրակության ուղեկցությամբ ապրիլի 30-ին կայցելի Բաքու, եթե «արտակարգ իրադարձություններ տեղի չունենան»:

 

Ենթադրվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն գյուղատնտեսության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության եւ փոխադարձ այցելությունների հեշտացման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ միջազգային խնդիրներ:

 

Ուշադրություն է գրավում այն գործոնը, որ Լիբերմանի այցը կատարվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի' Իրան կատարած այցից անմիջապես հետո: Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը մշտապես առաջացրել է իրանական կողմի դժգոհությունը: Սակայն, ինչպես երեւում է, Հասան Ռուհանիի` Իրանի նախագահ ընտրվելուց հետո Թեհրանը ձգտում է մեղմացնել Բաքվի հետ հարաբերություններում առկա լարվածությունը: Թեհրանը Բաքվին մեղադրում էր, որ Ադրբեջանը պայմաններ է ստեղծում Իրանի դեմ Իսրայելի հետախուզական-դիվերսիոն գործունեության համար: Լիբերմանի' Ադրբեջան հնարավոր այցը վկայում է, որ պաշտոնական Բաքուն մտադիր չէ Իսրայելի հետ իր համագործակցությունը զոհաբերել Իրանի հետ իր հարաբերությունների մերձեցմանը: Ադրբեջանը շարունակում է միլիարդավոր դոլարների զենք եւ սպառազինություն գնել Իսրայելից:

 

Ուշագրավ է նաեւ, որ այսօր սկսվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պաշտոնական այցն Իրան:

 

IRNA լրատվական գործակալությունը հայտնել է, որ այցը կատարվում է Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհգանիի հրավերով: Երկօրյա այցի շրջանակում Զաքիր Հասանովն իր իրանցի գործընկերոջ հետ կքննարկի երկկողմանի համագործակցության, ինչպես նաեւ քաղաքական, ռազմական եւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: