Հայաստանի իրավապահները ձերբակալել են մի քաղաքացու, ով ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է խարդախության մեղադրանքով: Ապրիլի 8-ին' ժամը 20.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին էր դիմել Նորապատ գյուղի 61-ամյա մի բնակչուհի և հաղորդում տվել, որ ժամը 19.30-ի սահմաններում իրենց տան բակում, վիճաբանության ժամանակ, 1959 թ. ծնված Հովհաննես Խ.-ն և 1985 թ. ծնված Արտյոմ Թ.-ն ծեծի են ենթարկել իր որդիներին' 1970 թ. ծնված Դավիթ Ա.-ին, 1971 թ. ծնված Տիգրան Ա.-ին, Համլետ և Աշոտ Ա.-երին, ինչպես նաև իրեն' պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Նույն օրը, ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Կառլեն Մ.-ն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կառլեն Մ.-ին նշված վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկել և վնասվածքը պատճառել է Տիգրան Ա.-ն, որը 2007 թ. ապրիլի 17-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է խարդախության մեղադրանքով:

 

Ապրիլի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ' Տիգրան Ա.-ն ժամը 15.35 -ին Նորապատ գյուղից բերման է ենթարկվել բաժին:

 

Տիգրան Ա.-ն ձերբակալված է:

 

Կատարվում է նախաքննություն: