Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական շտաբում քննարկել է ԱՄՆ սենատի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու վերաբերյալ բանաձևի ընդունումը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

 

ԱՄՆ դեսպանը հանդիպել է իշխող կուսակցության քաղաքական գործերով պատասխանատուի տեղակալ Մեհմեթ Ալի Շահինի հետ: Ռիկարդոնեն շնորհավորել է Էրդողանի կուսակցությանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հաղորդվել է, որ քննարկվող հարցերի շրջանակում եղել են նաև Թուրքիայի ներքաղաքական մի շարք հարցեր: Հանդիպումից հետո Ռիկարդոնեն ասել է. «Մենք համակարծիք ենք այն հարցում, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում և անկախ են ամենօրյա քաղաքականությունից»:

 

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև: Վերջին 25 տարում սա առաջին դեպքն է, որ Սենատը նման բանաձև է ընդունում: Բանաձևն անցել է 12 կողմ և 5 դեմ ձայներով: Սենատին առաջարկվում է 2014թ. ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Բանաձևը ապրիլի 3-ին ներկայացրել էին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքը: Այն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է անում աջակցել հայ-թուրքական կայուն և կառուցողական հարաբերությունների հաստատմանը' հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի և ճշմարտության ճանաչման վրա: