Ադրբեջանական բանակի նմանն իսկապես էլ աշխարհում հնարավոր չէ գտնել: 3 մլրդ դոլարի հասնող բյուջեով, մշտապես ամենանոր զենքերով և ռազմական տեխնիկայով զինվող այդ ո՞ր բանակն է, որ առանց պատերազմելու, օրական երկու-երեք զինվոր է կորցնում: Նման հարցադրում է անում virtualaz.org լրատվական կայքը' անդրադառնալով վերջին 7 օրերի ընթացքում ադրբեջանական բանակում զինվոր ների' միմյանց գնդակահարելու, ինքնասպանությունների և ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով մահվան դեպքերին:

 

«Այս տարվա ընթացքում նման դեպքերի թիվը գերազանցում է 40-ը: Եթե դրանց հավելենք իրենց ամրակցված ավտոմատ զենքով միմյանց սպանելու կամ էլ կախվելու ու մկնդեղ խմելով ինքնասպան լինելու դեպքերը, մինչև տարեվերջ ադրբեջանական բանակը ոչ մարտական պայմաններում մահերի թվով ռեկորդ կգրանցի: Եթե նախկին պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի պաշտոնավարման 20 տարվա ընթացքում պաշտպանության նախարարությունն ընդհանրապես չէր խոսում զինվորների' միմյանց գնդակահարելու և ինքնասպանություն գործելու մասին, կամ էլ խուսափում էր դրանք բանաստեղծական ոգով ծիծաղելիորեն ներկայացնել որպես «անվտանգության կանոնների խախտվելու» պատճառ, ապա այժմ պաշտպանության նախարարությունը նման դեպքերի հետ կապված հանդես է գալիս ստանդարտ հայտարարությամբ. «Անվտանգության կանոնները խախտվելու պատճառով զինվոր Ա.-ն գնդակահարել է զինվոր Բ.-ին: Դեպքը տեղի է ունեցել թիվ N զորամասում»:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության նոր մամուլի ծառայության ստեղծագործական միտքը նույնիսկ այնքան է առաջ գնացել, որ անցյալ շաբաթվա ընթացքում մի զինվորի կողմից ծառայակցին դանակով սպանելու դեպքը նույնպես ներկայացրել էր «անզգուշության արդյունք», -գրում է կայքը:

 

Ադրբեջանական կայքը ուշադրության է հրավիրում այն փաստի վրա, որ իրենց բանակում հիմնականում ծառայում են չունևոր ծնողների երեխաները: «Չէ՞ որ «անզգուշության կամ էլ անվտանգության կանոնների խախտվելու» պատճառով մահացողները ոչ թե փողոցներում հարյուր հազարավոր դոլար արժողությամբ ավտոմեքենաներով ժամում 240 կմ արագությամբ ընթացող, ռեստորաններում և թանկարժեք հաստատություններում մշտապես քարշ եկող օլիգարխների զավակներն են, այլ աղքատ բնակչության երեխաները: Թեև ադրբեջանական բանակում ոչ մարտական կորուստների պատճառների մասին շատ է խ ոսվել և գրվել, բայց այնպես է ստացվում, որ չնայած պաշտպանության նախարարության ղեկավար կազմում կատարված փոփոխությանը, այդ դեպքերն այդպես էլ շարունակվում են: Դա այդպես էլ շարունակվելու է, քանի որ ե՛ւ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, ի դեմս իր գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովի, և՛ կառավարարությունն այդ կորուստները նորմալ երևույթ են համարում», -նշում է կայքը:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարի փոփոխությունից հետո բանակում շարունակվող ինքնասպանության դեպքերի հետ կապված' իշխող կուսակցության պաշտոնյան հայտարարել էր. «Ինչպես առօրյա քաղաքացիական կյանքում, բանակում ևս ինքնասպանության դեպքեր են լինում: Դա նորմալ է»: Նրա կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերում ինքնասպանությունների պատճառը բջջային հեռախոսներ են: «Ինքնասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է զինծառայողների' այդ թվում սպաների շրջանում արգելել բջջային հեռախոսներից օգտվելը: Զինվորը զանգահարում է ծնողներին, երբեմն տնից վատ լուր ստանում, ընկալում դա չափազանց զգայուն, ինչը դառնում է սթրեսի և դեպրեսիայի պատճառ, իսկ դա հանգեցնում է ինքնասպանությունների կամ էլ ծառայակիցներին վնաս հասցնելուն», -ասել էր պատգամավորը: Կուսակցական գործչի խոսքով, ադրբեջանական բանակում «դեդովշչինա» ևս չկա, սակայն, «բանակում, ինչպես ամեն տեղ, ուժեղը փորձում է իրեն ենթարկեցնել թույլին»:

 

Նշենք, որ վերջին 7 օրվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն խոստովանել է 9 զինծառայողների մահը:

 

2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 26 զինծառայող, որոնցից 19-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում: Նրանցից 9-ը ինքնասպանություն են գործել, 2-ը մահացել են հիվանդությունից, 3-ը' ճանապարհատրանսպորտային պատահարից, 5-ը' ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում: 32 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: