Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2012 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքը:

 

***

 

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Էդվարդ Նալբանդյանին վերանշանակել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' որոշում եմ.

 

Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:

 

***

 

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Սեյրան Օհանյանին վերանշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում:

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' որոշում եմ.

 

Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար:

 

***

 

Կառավարության ձևավորման հետ միասին այս օրերի գլխավոր ինտրիգներից մեկը ԱԺ նախագահի սպասվելիք ընտրության հարցն է: Որպես ամենահավանական թեկնածու նշվում է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի անունը: Որոշ տեղեկությունների համաձայն, Կարեն Կարապետյանը հրաժարվել է ԱԺ նախագահի պաշտոնից, ինչի արդյունքում ի հայտ են եկել նոր անուններ: Որքանով են հավաստի այս տեղեկությունները: Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը Lurer.com-ի հետ զրույցում նշեց, որ Կարապետյանի անունից լիազորված է միայն նշել, որ «Այս պահի դրությամբ նման հարց չի քննարկվել»: Ինչ վերաբերում է այսօր լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությանը, թե իբր Կարեն Կարապետյանը մասնավոր զրույցներում ասել է, թե' «ինչիս է պետք' անդարդ գլուխս դնեմ ցավի տակ, ընկնեմ մարդակեր լրագրողների ձեռքը», ապա Ա. Ճաղարյանն ասաց. «Այդ ամենն ընդամենը անհեթեթ սադրանք է և որևէ աղերս չունի իրականության հետ»:

 

***

 

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի առաջարկով ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ձերբակալված անձանց պահման վայրում առկա թերությունները շտկելու ուղղությամբ:

 

20 օրվա ընթացքում արվել են հետևյալ բարեփոխումները. այսուհետ համապատասխան մատյանում պարտադիր կերպով կնշվի ձերբակալվածների ընդունման ժամը' բացառելով ձերբակալվածներին սահմանված ժամից ավել պահելու հավանականությունը, խցում եղած անբարեկարգ վիճակը շտկելու համար կատարվել են համապատասխան վերանորոգման աշխատանքներ, նխկինում կարգավորված չի եղել ձերբակալված անձանց զանգերի իրավունքի ապահովման հարցը, այժմ արդեն տեղադրված հեռախոս-ավտոմատի միջոցով ձերբակալվածները կկարողանան զանգել, ձերբակալվածների տեսակցությունները իրենց հարազատների հետ կկանոնակարգվեն և դրանց օրերն ու ժամերը ֆիքսելու համար կլինեն հաշվառման մատյաններ:

 

Պաշտպանը մտահոգություն է հայտնել ձերբակալված անձանց՝ 72-ժամից ավել պահելու հավանականության վերաբերյալ, որի արդյունքում ԱԱԾ տնօրենի կողմից հանձնարարվել է, ԱԱԾ քննչական վարչության հետ համագործակցությամբ, խստագույնս բացառել դրա հնարավորությունը: Իրականացվել է խցերի սանհանգույցների ամբողջական մեկուսացումը խցի բնակելի մասից, զբոսանքի վայրում տեղադրվել է նստարան: Նախկինում ձերբակալված անձանց համար չի նախատեսվել ճաշացանկ, այսուհետ այն կփակցվի համապատասխան վայրում: Խցում եղել է 2 մահճակալ, որից մեկը դուրս է բերվել՝ ապահովելու համար Օրենսդրությամբ սահմանված մեկ անձի համար նախատեսված 4 քմ պահանջը: Բռնության հնարավոր դեպքերը բացահայտելու և կանխելու նպատակով այսուհետ կարձանագրվեն հարցաքննությունից հետո ձերբակալվածների մոտ մարմնական վնասվածքների առկայությունը կամ բացակայությունը:

 

Նշված խնդիրներն արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) կողմից: «Օմբուդսմենը կարևորում և բարձր է գնահատում Ազգային անվտանգության ծառայության հետ կառուցողական համագործակցությունը՝ ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և համատեղ ուժերով դրանց արդյունավետ լուծումներ տալու գործում»,-ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

 

 

***

 

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն բոլոր այն վարորդներին, որոնց մեքենաների ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, տուգանքներից խուսափելու համար հորդորում է նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքել: Այս մասին նշված է բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.

 

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1292-րդ հոդվածի' ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր' առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար' 5. 000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար' ոչ ավելի, քան 100. 000 ՀՀ դրամի չափով:

 

Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու, ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100. 000 ՀՀ դրամի չափով: Ուստի, բյուրոն հորդորում է բոլոր այն անձանց, ում ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, ժամանակին միջոցներ ձեռնարկել նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար»: