ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները Թուրքիայում հանդիպել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է թուրքական Haberler.com-ը, հանդիպման ժամանակ առանցքային թեմաներից մեկը եղել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Ուշադրություն հրավիրելով այս հարցի նկատմամբ Թուրքիայի ունեցած զգայունության վրա' Էրդողանը հայտնել է, որ «չպետք է թույլ տրվի, որ վերոնշյալ խնդիրը բացասաբար ազգդի երկկողմ հարաբերությունների վրա»: Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Բեյները կրկին հայտնել է, որ այն պետք է ուսումնասիրեն պատմաբանները:

 

Էրդողանին հանդիպելուց առաջ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահը հանդիպել էր Թուրքիաի մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքին, որտեղ ևս Հայոց ցեղասպանության մասին խոսակցության ժամանակ նմանատիպ հակահայկական հայտարարություն էր արել:

 

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև: Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատը նման բանաձև է ընդունում: Բանաձևն անցել է 12 կողմ և 5 դեմ ձայներով: Առաջարկվում է Սենատին 2014թ. ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: