Թուրքական «Խալգ ԹՎ» հեռուստաալիքի դեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացրած դատական հայցը մերժվել է:

 

Ինչպես հաղորդում է թուրքական ԶԼՄ-ները, թուրքական «Դուման» երաժշտական խմբի կատարմամբ «Ռեզիլ» («Խայտառակություն») երգի' Էրդողանի լուսանկարներով «համեմված» տեսաերիզի հեռարձակումից հետո Էրդողանը դատի էր տվել հեռուստաալիքին' մեղադրելով նրան իր «անձնական իրավունքները խախտելու» մեջ եւ 60 հազար լիրա բարոյական վնասի փոխհատուցում պահանջել:

 

Անկարայի 14-րդ առաջին ատյանի իրավական դատարանը, կողմերի փաստաբանների հայտարարությունները լսելուց հետո վճռել է մերժել դատական հայցը' համարելով այն չհիմնավորված:

 

Հիշյալ տեսաերիզը «Խալգ ԹՎ» հեռուստաալիքը եթեր է թողարկել 2013 թ. մայիսի կեսերին, երբ սկսվում էին Ստամբուլի Գեզի այգու բնապահպանական պահանջներով զանգվածային բողոքի ցույցերը, որոնք հետագայում Թուրքիայով մեկ վերածվեցին թուրքական կառավարության դեմ բողոքի ակցիաների: