Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում վերջին օրերին հակառակորդի կողմից նկատվող ակտիվությունն այս պահին մարել է. իրավիճակը հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ապրիլի 15-ի ցերեկը տեղ-տեղ հակառակորդի կողմից կրակոցներ հնչել են: «Լուրջ վնասներ չենք կրել: Տեղ-տեղ մենք պատասխանել ենք, որոշ տեղերում՝ ոչ»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս պահին իրավիճակը հանգիստ է:

 

Տավուշի մարզի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանի խոսքով' իրավիճակն այս պահին գյուղում հանդարտ է, կրակոցներ հակառակորդի կողմից չկան: Գյուղում իրավիճակը հանդարտ է եղել նաև նախօրեին: «Հնարավոր է, այլ տեղերում կրակել են, սակայն մեզ մոտ հանգիստ է եղել»,- ասաց Այդինյանը:

 

Սահմանամերձ Չինարի համայնքում ևս հանգիստ է: Այստեղ հակառակորդի կողմից վերջին անգամ կրակոցներ եղել են երկու օր առաջ, սակայն լուրջ վնասներ չկան: «Կրակոցների հետևանքով վնասվել են տանիքներ, դարպասներ: Լուրջ վնասներ չունենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:

 

Պառավաքար համայնքում հակառակորդի կողմից ակտիվություն նկատվել է նախօրեին, երբ կրակել են հանդերում աշխատող գյուղացիների ուղղությամբ: Համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը տեղեկացրեց, որ լուրջ վնասներ չկան: «Երեկ են կրակել հանդում աշխատող մարդկանց ուղղությամբ, բարեբախտաբար, լուրջ վնասներ չունենք: Իսկ այս պահին հանդարտ է»,- ասաց Մարգարյանը:

 

Վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում հակառակորդի կողմից ակտիվություն էր նկատվում: Հայկական կողմը պատասխանել է հակառակորդին և լռեցրել է նրան: