Լաթաքիայի Քեսաբի շրջանում ապրիլի 16-ին սպանվել է «Անսար աշ Շամ» խմբավորման ղեկավար Ահմադ Ջամաա ալ Մալկաբը: Ինչպես հաղորդում է «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, նա սպանվել է Նաբա Չալմայի շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ:

 

Մյուս կողմից' սիրիական բանակը հարձակումներ է իրականացնում Լաթաքիայի հյուսիսում գտնվող Նաբիին և Ջաբալ Քուզ շրջաններում: Աղբյուրի տեղեկացմամբ, տասնյակ զինյալներ են սպանվել, որոնց թվում ոչ սիրիացիներ են եղել: Բացի այդ, ոչնչացվել են նրանց զենքերը:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ բախումներ են ընթանում նաև Ջաբալ Նասրի շրջանում, որտեղ սիրիական բանակի հարձակումների հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց ծանր գնդացիրները:

 

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձակալել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ: