Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը դատարանի կողմից 4 տարվա ազատազրկման է դատապարտվել ընդգրկուն ֆինանսական մեքենայությունների աղմկահարույց գործով, ի վերջո հասարակական աշխատանքներում կանցկացնի ընդհանուր առմամբ մեկ շաբաթից փոքր-ինչ ավելի: Դա հետևում է Միլանի հսկողական դատարանի վճռից:

 

Բազմամյա դատավարությունից հետո Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանը 2013 թվականի օգոստոսի 1-ին Բեռլուսկոնիին դատապարել է 4 տարվա ազատազրկման: Սակայն այս ժամկետը 2006 թվականի ներման մասին օրենքի կապակցությամբ ինքնաբերաբար կրճատվել է մինչև 1 տարի: Հաշվի առնելով 77-ամյա քաղաքական գործչի տարիքը՝ դատական մարմինները պետք է նրա համար պատիժ սահմանեին կա՛մ տնային կալանքի, կա՛մ հանրօգուտ աշխատանքների տեսքով, ինչը պնդել է պաշտպանող կողմը: Միլանի հսկողական դատարանն ապրիլի 15-ին պաշտոնապես որոշել է Բեռլուսկոնիի համար ազատազրկումը փոխարինել սոցիալա կան աշխատանքներով:

 

Հսկողական դատարանի նախագահ Պասկուալե Նոբիլե դե Սանտիսի՝ ապրիլի 16-ին տարածված կարգադրության մեջ նշված է, որ նախկին վարչապետը «սոցիալապես օգտակար գործունեություն կիրականացնի շաբաթական մեկ անգամ առնվազն 4 ժամ առանց ընդմիջման»:

 

Իրավաբաններից ու լրագրողներից շատերը որոշել են հաշվել, թե քաղաքական գործիչն իրականում որքան ժամանակ կանցկացնի հասարակական աշխատանքներում: Ըստ ամենախիստ հաշվարկների՝ Բեռլուսկոնին զբաղված կլինի 184 ժամ կամ 7,5 օր: Արդեն հայտնի է, թե որտեղ պետք է անցկացնի պատիժը նախկին վարչապետը. «Սուրբ ընտանիք» հիմնադրամին պատկանող ծերանոցում, որը գտնվում է Միլանի մերձակա Չեզանո Բոսկոնե քաղաքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: