Ապրիլի 17-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կնշի ծննդյան 36-րդ տարեդարձը: Ի դեպ, Տարոն Մարգարյանը Երևանի թվով 54-րդ քաղաքապետն է: Եվ չնայած համեմատաբար երիտասարդ տարիքին, Երևանի գործող քաղաքապետը բավականին հարուստ կենսագրություն ունի: Ստորև ներկայացնում ենք Տարոն Մարգարյանի կենսագրությունը.

 


ՏԱՐՈՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 


Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում:
1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան' գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև' բաժնի պետ:
2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:
2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:
2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:
2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
2011թ. նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ:
2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով վերընտրվել է Երևանի քաղաքապետ:

 

2005 թվականից «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
1996 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից' ՀՀԿ խորհրդի անդամ:
1998-2011 թթ. ղեկավարել է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:
2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, 2012թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում, ապա նաև 2014թ. փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ 10-րդ համագումարում՝ վերընտրվել:
2012թ. ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ:
2012թ. մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարում ընտրվել է Գործադիր մարմնի անդամ:
2013թ. դեկտեմբերին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով:
2014թ. փետրվարին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ԲՈՀ-ի Տնտեսագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.
ՀՀ Նախագահի կողմից' «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2013թ.), Անանիա Շիրակացու մեդալով (2008թ.),
ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից' ՀՀ ԱԺ պատվո մեդալով (2011թ.),
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից' «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներով,
Երևանի քաղաքապետի կողմից' Ոսկե մեդալով (2008թ.),
Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով,
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով,
Երկրապահ կամավորականների միության կողմից' «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:
«Հայաստանի համայնքների միության» կողմից' ոսկյա, անվանական հուշամեդալով' Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար:
ՀՀ ոստիկանության պետի կողմից' «Համագործակցության համար» մեդալով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից՝ ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալով (2014թ.):
Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից' թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալով:
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և չորս որդի: