ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանը հայտարարություն է տարածել ՕԵԿ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ: «Շնորհակալություն հայտնելով ՕԵԿ-ին' համատեղ աշխատանքի և իմ քաղաքական ընթացքի համար' հայտարարում եմ իմ անդամակցությունն այդ կուսակցությունում դադարեցնելու մասին: Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ:

Վեց տարի շարունակ, ՕԵԿ-ը' Հանրապետության նախագահի և ՀՀԿ-ի հետ նույն քաղաքական կուրսով է ընթացել: Որպես նախարար մոտ 2 տարի' անձամբ պատասխանատվություն եմ կրել երկրում վարվող տնտեսական քաղաքականության համար: Չեմ կարծում, թե նոր վարչապետի նշանակմամբ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունեցել, որը հիմք կարող է հանդիսանալ այդ պատասխանատվությունից հրաժարվելու համար: Անշուշտ, հանրապետությունում բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ կան, այդ մասին միշտ բարձաձայնվել է հենց իշխանությունների կողմից, բայց այդ խնդիրները պետք է լուծել հետևողական աշխատանքի շնորհիվ»,-ասված է Սամվել Թադեւոսյանի`«Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ:

ՕԵԿ-ին անդամակցության դադարեցման մասին ապրիլի 16-ին «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ նշել է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը: