Օրերս Նարեկացի արվեստի ինստիտուտի և Ծիրանի Մշակութային հանգույց հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Նարեկացի միության սրահում կայացավ բոստոնաբնակ հայ ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի՝ ֆոտոարթի ժանրում ստեղծված աշխատանքների ցուցադրությունը: Ցուցահանդեսին նախորդեց ֆոտոռեժիսուրային նվիրված վարպետության դաս:

 

Ժիրայր Աղավելյանն իր խոսքում ընդգծեց, որ երաժշտությունն իր մեջ կրում է պոեզիա և նկարչություն, հետևաբար շատ կարևոր է դրանց ճիշտ համադրությունը. «Շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեզ շրջապատող աշխարհին, քանզի շատ դեպքերում բաց ենք թողնում մեզ հետ կատարվող երևույթները», - նշեց Աղավելյանը' հավելելով, որ սիրում է մարդկանց ուշադրությունը գրավել իր գործերի միջոցով, քանզի ուշադրության շնորհիվ ծնվում է զգացմունքը:

 

Վարպետության դասի ընթացքում ցուցադրվեցին նկարների լուսապատկերներ, հարց ու պատասխանի միջոցով պարզաբանվեցին ֆոտոռեժիսուրային վերաբերող մի շարք հարցեր:

 

Լինելով նաև միջմշակութային հաղորդկացության միջոց՝ ֆոտոռեժիսուրան իր հարթության վրա հնարավորություն կարող է տալ փոխանցել նաեւ հայ մշակութային հարուստ ժառանգության յուրօրինակ տարրերը։ Այլ կերպ ասած, ոչ միայն բանակցության և մեդիագրագիտության միջոցով, այլև այս ոլորտի շնորհիվ կարելի է մտնել միջմշակութային երկխոսության մեջ:

 

Հայոց մշակույթի հարուստ ժառանգության նմուշները հաճախ են իրենց արտացոլումը գտնում ֆոտոյի ժանրում, լուսապատկերներում: Որոշ մարդկանց համար այս եղանակն ընկալելի է, սակայն, ցավոք, այդ փաստը քիչ է օգտագործվում:

 

Ֆոտոռեժիսուրան, լինելով միջմշակութային հաղորդակցության միջոց և երկխոսության մասնակից, կնպաստի նաեւ մեր մշակույթի տարածմանը:
Հայ ռեժիսորի աշխատանքների ցուցահանդեսը գործեց մինչև ապրիլի 12-ը ներառյալ: