Անկարայի հանրապետական դատախազությունում ընդհանուր հաշվարկով գտնվում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացրած 503 դատական հայցեր: Մեղադրական դիմումների մեծամասնությունում նշվում է, որ Էրդողանի նկատմամբ սոցմեդիաների միջոցով «վիրավորանք և սպառնալիք» պարունակող ուղերձներ են հղվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

 

Բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր տարբեր գրառումներ են կատարել լրատվամիջոցներում կամ սոցցանցերում, և Թուրքիայի իրավապահ մարմինները նրանց հայտնաբերել են, սկսվել է իրավական գործընթաց: Սակայն քանի որ հաղորդագրությունների մեծ մասն արվել է Twitter միկրոբլոգի միջոցով և այն էլ' արտասահմանից, Թուրքիայի դատախազությունը կանգնել է խնդրի առաջ: Չնայած թուրքական կողմի ներկայացրած դիմումներին' Twitter-ի ղեկավարությունը հրաժարվել է հայտնել գրառում կատարած անձնանց ինքնությունն ու գտնվելու վայրը:

 

Բացի Էրդողանի հարուցած դատական գործերից, դատախազությունում կան նաև նրա դեմ հարուցված գործեր: Դրանց մեծամասնության մեջ պահանջ է ներկայացված պատասխանատվության ենթարկել Էրդողանին «Սահմանադրական դատարանը նվաստացնելու, մարդկության դեմ հանցանք գործելու, ցեղասպանության կամ դրա համար հանցավոր խմբավորում կազմավորելու, ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք սերմանելու, պաշտոնը չարաշահելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտող հրապարակումներ անելու» համար: Վերոնշյալ հայցերի մեծ մասը ներկայացվել են ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորների կողմից: